Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին
16:13 - 20 ապրիլի, 2023

Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։

«Առաջնագիծ դարձած իմ հայրենիքում՝ Վարդենիսի շրջանում՝ Սոթքի հանքավայրում, 5 օր է՝ կրակոցներ են հնչում, 800 աշխատակիցներ, արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, որովհետև չկա անվտանգության տարրական պայմանների պահպանման նույնիստ ձևական միջոցներ, ստացվում է՝ չեք կարողանում պահպանել իմ հայրենակիցների անվտանգությունը։ Ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողականը, ասես ոչինչ չի եղել»,- ասաց Թովմասյանը։

Նա հայտրարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնելու և ի նշան բողոքի՝ չի իջնի ԱԺ ամբիոնից․ «Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որ հեռացնեն Թովմասյանին ամբիոնի մոտից։ Սիմոնյանի հրահանգով ԱԺ ուղիղ եթերն ընդհատվեց։

Ապա Թովմասյանը տեսանյութ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում։

Այս պահին ԱԺ նիստը վերսկսվել է․ սկզբում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիային մասնակցած պատգամավորները նկատողություն են ստանում։ Սիմոնյանի խոսքով նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու հնարավորությունից։

Նշենք՝ մի քանի պատգամավոր միացել էր Թագուհի Թովմասյանի հայտարարած ակցիային։ Մինչև օրվա ավարտը նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը։

Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել էր, որ կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել