Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի կունենա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։
Այս մասին հայտնում է Արզումանյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ ի թիվս այլնի, քննարկվելու է Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի երկարաձգման կամ վերացման հարցը։
Արզումանյանը, հիշեցնենք, կալանավորված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ից։
Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն (այն ի սկզբանե բացակայում էր, ավելացվել է պաշտպանի գրառումից հետո)՝ գործը գտնվում է դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախնական դատալսումներ նշանակելով՝ դատավորը միաժամանակ որոշել է դռնփակ քննություն անցկացնել՝ հաշվի առնելով, որ գործում առկա են պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ։
Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, ասաց՝ պաշտպանական կողմը միջնորդելու է դռնբաց քննություն անցկացնել, որպեսզի հանրությունն իրականությունը իմանա։
Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված, 3-րդ մաս) եւ պաշտոնեական անփութության համար (2003 թ․ ՔՕ, հոդված 376-րդ հոդվածի 3-րդ մաս): Մեղադրանքի մի դրվագը վերաբերում է «Արեգա» բարձունքի, մյուսը՝ Շուշիի պաշպանությանը։
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկված հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը եւ հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Սակայն դրանից ժամեր անց գեներալ-մայոր Մ.Ա.-ն (Միքայել Արզումանյանը-հեղ․), մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և չունենալով նրանց հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն եւ հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը եւ նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Դրա հետևանքով, ըստ ՔԿ-ի, յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել եւ նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 3-ին եւ 5-ին, այն հետ գրավելու նպատակով յուրային ստորաբաժանումների իրականացրած հակագրոհները ձախողվել են։
Պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում հայտնեց, որ նախաքննության փուլում Արզումանյանը մեղադրանքը չի ընդունել՝ այն աբսուրդ որակելով․ «Այն, ինչ նշվում է, ուղիղ հակասում է տեղի ունեցած իրադարձություններին եւ այն ջանքերին, որ նա գործադրել է պատերազմի ժամանակ»,- ասաց պաշտպանը։
Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020 թ․ հոկտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ հաղորդվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին։ Մինչ այդ նա ՊԲ հրամանատարի տեղակալն էր։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)