armenpress.am: ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը:
«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը:
Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը:
«Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել:
«Շատ հանգամանքների հետ կապված՝ մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ վերահաստատել էր, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկեկ է իր ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
comment.count (0)