news.am: Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2 ժամից ավելի է տեւել: Հանդիպումից հետո ծնողները չէին ցանկանում լրագրողներին մանրամասներ հայտնել հանդիպումից՝ նշելով, որ այն փակ է եղել:
«Մենք հանդիպել ենք, քննարկել ենք այն հարցերը, որոնք կարող է վարչապետը ճիշտ տեղեկացված չէր. փակ քննարկում է եղել, ոչ մի բան չենք կարող ասել: Մենք միշտ լրագրողների հետ խոսել ենք, բայց այս անգամ ոչինչ չենք կարող ասել, փակ հանդիպում է եղել»,-ասաց ծնողներից մեկը:
Հարցին, թե հարցրե՞լ են, թե ինչու էր դեպքի հաջորդ օրը հենց վարչապետը վարկած ներկայացնում, նա պատասխանեց. «Չէ, այդ հարցը չենք տվել: Մենք ունենք փաստեր նկարներ, դա ցույց ենք տվել՝ հասկանալու համար, թե ինքն ինչքանով է տեղյակ: Ընդհանուր իրենք կուսումնասիրեն, մեզ կպատասխանեն: Մենք ընդամենը վարչապետի հետ քննարկել ենք ընդհանուր ինչ տվյալներ ունենք, հասկանալու համար՝ ինքը տեղյակ է, թե ոչ»:
Ծնողները նշեցին, որ նորից են հանդիպելու վարչապետի հետ, բայց ժամկետ չեն ֆիքսել. «Մենք գրավոր հարցերը ներկայացրել ենք, ըստ դրա ինքը գրավոր կպատասխանի: Ընթացքում էլի կհանդիպենք, կզրուցենք: Բանավոր հարցեր էլ ենք քննարկել: Իրավական հարցերի պարոն վարչապետը չի կարող պատասխանել, որովհետեւ ինքը ոչ դատավոր է, ոչ քննիչ»,-ասաց զոհված զինծառայողի ծնողը:
Նրանք հավաստիացրեցին, որ եթե իրենց հարցերի պատասխանը չստանան, պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու եւ հասնելու արդարության:
Հատկանշական է, որ փակ հանդիպմանը ներկա չի եղել զնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։
Մեկ ուրիշ ծնող էլ հավելեց, որ որոշ բաներից տեղյակ չէր վարչապետը. «Կարելի է ասել՝ որոշ չափով բավարարված եմ հանդիպումից»,-ասաց նա:
Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ավելի մանրամասն` news.am-ում։
comment.count (0)