Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան
20:33 - 02 մայիսի, 2023

Պահեստազորային համակարգը՝ համապարփակ անվտագության համակարգի մաս․ ֆինլանդական փորձը․ Նարեկ Ներսիսյան

Պատերազմների հազարամյա պատմության փորձը ցույց է տվել, որ խաղաղ ժամանակների համար նախատեսված բանակը հատկապես երկարատև մարտական գործողությունների ժամանակ  հաղթող չի լինում: Մեծաքանակ մշտական բանակը բյուջեի համար չափազանց մեծ շռայլություն է, անգամ գերտերությունների համար

Վաղ ժամանակներից ի վեր զինվորական ծառայությունը կազմակերպողների առաջ ծառացած էին զինվորի պատրաստման որակի, բարոյական կայունության և մարտավիճակի խնդիրները: 

Պահեստազորի դերը մեծացավ 19-րդ դարում՝ մեծ բանակների դարաշրջանում: Այդ ժամանակ աշխարհի առաջատար երկրների զինված ուժեր զորակոչված զինվորների թիվը հասել էր հարյուր հազարների, իսկ 20-րդ դարում պարտադիր զորակոչի արդյունքում զինծառայողների թիվը հասավ միլիոնների: Քանի որ պարտադիր ժամկետային ծառայությունը կարճատև էր (մինչև 3 տարի), պակասը հիմնականում լրացվում էր պահեստազորով: Չնայած վարժական հավաքներին կանոնավոր մասնակցությունը դրական ազդեցություն ունեցավ պահեստազորայինների զինպատրաստության որակի վրա, այդուհանդերձ, համաշխարհային պատերազմներն ապացուցեցին, որ շատ արագ կորսվում է զինավարժ պահեստազորը, և անհրաժեշտություն էր լինում բանակում չծառայած մարդկանց զորահավաքներ կազմակերպել, որոնց վարժանքներն անցնում էին մարտական գործողություններին զուգահեռ:

Շատ էին տուժում անհամեմատ փոքր երկրները, ինչպիսիք էին Շվեցարիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան․ դրանք Սառը պատերազմի ժամանակաշրջանում, չնայած հայտարարված չեզոքությանը, հայտնվեցին գերտերությունների արանքում ճզմված վիճակում։ Խաղաղ ժամանակներում այդ երկրները չէին կարող իրենց թույլ տալ բազմաքանակ և լավ հագեցած զինված ուժեր պահել: Մյուս կողմից էլ փոքր բանակը չէր կարող արդյունավետորեն դիմակայել ավելի հզոր երկրներին, ուստի նման երկրները ստիպված էին իրենց համեստ բյուջեների պայմաններում բազմաքանակ և որակյալ պահեստազորային համակարգ ստեղծել՝ գոյատևելու հնարավորություն ստանալու համար:

Այս հոդվածում մասնավորապես կուսումնասիրենք մինչ ռուս-ուկրանիական պատերազմի սկիզբը չեզոք երկիր հանդիսացող Ֆինլանդիայի փորձը։

Ֆինլանդիայի Զինված ուժերը ստեղծվել է 1918 թ․-ին, երբ Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Ֆինլանդիան առանձնացավ կայսրությունից: Բոլշևիկյան Ռուսաստանի հետ անհամեմատելի տարածքների և աշխատուժի, ինչպես նաև շուրջ 1000 կմ երկարությամբ սահմանի պայմաններում փոքր Ֆինլանդիայի ղեկավարությունը բոլոր ջանքերը նվիրեց արևելքից եկող սպառնալիքներից պաշտպանվելու նպատակին: Արդեն իսկ մինչև 1920-ականների վերջն ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիան, օգտագործելով իր աշխարհագրությունը, հզոր պաշտպանական ամրությունների ցանցի շինարարության միջոցով ապահովագրեց իր պաշտպանությունը և հետագայում ավելի զարգացնելով դրանք՝ պատրաստ էր ԽՍՀՄ-ի դեմ Ձմեռային պատերազմին: Չնայած այդ պատերազմում կրած պարտությանը և որոշ տարածքների ու մարդկային կորուստներին՝ Ֆինլանդիան  ոչ միայն պահպանեց իր անկախությունը, այլ նաև ինքը լուրջ մարդկային և նյութատեխնիկական կորուստներ պատճառեց իրեն տասնյակ անգամներ գերազանցող ագրեսորին (105 օր տևած պատերազմում ԽՍՀՄ-ը տվեց 126000, իսկ Ֆինլանդիան՝ 26000 մարդկային անվերականգնելի կորուստներ):

Որպես Երկրորդ համաշխարհայինում պարտված երկիր՝ 1947 թ. Փարիզի Խաղաղության պայմանագրերով սահմանափակվեց Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի չափը՝ հասնելով մինչև պաշտպանության նվազագույն կարիքներին: Սահմանափակվել էր նաև խաղաղ պայմաններում զինված ուժերի պահեստազորային քանակը։

Այսպես, զինված ուժերի ընդհանուր թվաքանակը չէր կարող գերազանցել 41,9 հազարը, այդ թվում՝ 34,4 հազար ցամաքային ուժերը, 3 հազար՝ ռազմաօդային ուժերը (60 մարտական ինքնաթիռ) և 4,5 հազար՝ ռազմական նավատորմը (նավատորմի ընդհանուր ջրատարողությունը չպետք է գերազանցեր 10 հազար տոննան): Արգելել էին միջուկային զենքը, ռեակտիվ ռմբակոծիչները, կառավարվող հրթիռները և այլն: Այդ պայմանագրերի որոշ դրույթներ հետագայում փոփոխվեցին: 1963 թ․-ին Ֆինլանդիային թույլատրվեց պաշտպանության նպատակների համար ձեռք բերել կառավարվող հրթիռային սպառազինություն (նավից նավ և երկրից օդ հրթիռներ, ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր): Ֆինլանդիայի խորհրդարանը 1990 թվականին չեղյալ հայտարարեց պայմանագրերի այն դրույթները, որոնցով սահմանափակվում էին զինված ուժերի թվաքանակը և արգելք էր դրվում սպառազինությունների ձեռքբերման վրա՝ բացառությամբ միջուկային զենքի (The History of Finland: Lines, Structures, Pivotal Moments. Henrik Meinander): 

Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիայի ազգային անվտանգության համակարգի գլխավոր փոփոխությունները հիմնականում ազդեցին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա: Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության համակարգը չենթարկվեց զգալի փոփոխությունների: Զինվորական հրամանատարության մարմինները և տարածքային կառույցները օպտիմալացվեցին, իսկ պատերազմական վիճակի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պահպանվեց համեմատաբար բարձր մակարդակի վրա` 450 հազար մարդ: Համապարփակ տարածքային պաշտպանության համակարգը, ընդհանուր զինակոչը և ինքնիշխան ողջ տարածքի պաշտպանությունը մնացին որպես Ֆինլանդիայի անվտանգային քաղաքականության առանցքային բաղադրիչներ:

Ֆինլանդիան, չունենալով մեծ ռեսուրսներ, սակայն ունենալով միավորման ազատության մեծ փորձ և ժողովրդավարական կառավարման ավանդույթներ, անվտանգային հարցերը, մասնավորապես պահեստազորի պատրաստությունը արտապատվիրակեց հասարակական միավորումներին (Ֆինլանդիայում արհմիութենական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական միավորումների դերը՝ պետական ինստիտուտների կայացման հարցերում)։

Պահեստազորի պատրաստությամբ զբաղվում է Ֆինլանդիայի Ազգային պաշտպանության ուսուցման ասոցիացիան (National Defence Training Association of Finland-MPK): Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է հասարակության մեջ պաշտպանության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև պաշտպանության հետ կապված գիտելիքների և հմտությունների տարածմանը։ Սա ոչ պետական կազմակերպություն է, որ գործում է 1993 թվականից, ունի տարածաշրջանային և տեղական մասնաճյուղեր, շուրջ 60 մշտական ​​աշխատող եւ 2000 գրանցված կամավոր հրահանգիչներ։ Ամեն տարի ասոցիացիայի շրջանակում շուրջ 50 000 մարդու մասնակցությամբ անցկացվում են դասընթացներ։ Ասոցիացիան սերտորեն համագործակցում է զինված ուժերի հետ, որոնց հետ համակարգում է կամավորական գործունեությունը երկրի պաշտպանության համար։ Այն նաև իրականացնում է կրթական լրացուցիչ գործունեություն («Հորիզոններ», հեղինակ՝ Հրաչյա Արզումանյան 

Ֆինլանդիայի ազգային անվտանգության զարգացման համակարգը մինչ օրս չի ենթարկվել զգալի փոփոխությունների: Երկրի պաշտպանության ուժերի ռեզերվը 6 միլիոնից պակաս բնակչության պայմաններում կազմում է Ֆինլանդիայի մոտ 900,000 քաղաքացի: Անմիջապես պատերազմի պահին Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի կազմում են 280,000 զինվոր։ Ուժերն ըստ անհրաժեշտության կարող են համալրվել: 

Ֆինլանդիայի զինված ուժերը համապարփակ անվտանգության համակարգում

Ֆինլանդիայի զինված ուժերը համալրվում են ըստ Զինապարտության մասին օրենքի: Զինակոչային տարիքը 18-ից 30 տարեկանն է, իսկ ծառայության ժամկետը՝ 6, 9 և 12 ամիս՝ կախված զինվորական մասնագիտությունից: Պահեստազորի սպաները, սերժանտները և տեխնիկական մասնագետները 12-ամսյա վարժանք են անցնում:  Մասնագիտացված ուսուցում պահանջող որոշակի այլ կատեգորիաների համար ծառայության ժամկետը 9 ամիս է, իսկ մնացած կատեգորիաների դեպքում, որոնց բաժին է ընկնում ընդհանուր անձնակազմի մոտ կեսը, ծառայությունը 6 ամիս է։

Յուրաքանչյուր տարի զինված ուժերում հիմնական զինվորական պատրաստություն է անցնում մոտ 20-21 հազար նորակոչիկ, որոնք ռազմական պատրաստությունը անցնում են վերը նշված հասարակական միավորման միջոցով: 18-60 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ ենթակա են զինակոչի Ֆինլանդիայի բանակ: Կանայք նույնպես կարող են ծառայել, եթե նրանք ցանկանում են և պիտանի են ծառայության համար: Երիտասարդները, տղամարդիկ կարող են ձեռնպահ մնալ կանոնավոր ծառայությունից հարգելի պատճառներով  և քաղաքացիական ծառայության անցնել՝ լրիվ դրույքով աշխատելով հիվանդանոցներում, ծերանոցներում և սոցիալական տարբեր ծառայություններում: Նման ծառայության ժամկետն ավելի երկար է՝ 400 օր:  Այնուամենայնիվ, այլընտրանքային ծառայություն ընտրած անձանց թիվը ցածր է, քանի որ Ֆինլանդիայում զինվորական ծառայությունը հեղինակավոր գործ է համարվում, և ենթադրվում է, որ դա «յուրաքանչյուր իսկական տղամարդու պարտքն ու պարտականությունն է»: 

Զինվորական ծառայությունը այնքան հեղինակավոր է, որ զինակոչի ժամանակ քննություններին մասնակցում է զինակոչի տարիքի անձանց ավելի քան 98%-ը, այդ թվում՝ արտերկրում բնակվող քաղաքացիները: Ֆինլանդիայի տղամարդկանց մինչև 10%-ը սովորաբար համարվում է ծառայության համար ոչ պիտանի, սակայն առողջական խնդիրներ ունեցողները, ցանկության դեպքում, կարող են ծառայել օժանդակ զորամասերում: Բանակից խուսափելու դեպքերը հազվադեպ են: Ֆինլանդիայի հասարակության մեջ ամոթալի է համարվում խոստովանել, որ բանակում չեն ծառայել: Այս փաստը կարող է կարիերայի խնդիրներ առաջացնել նույնիսկ բանկային աշխատողի, գիտնականի կամ քաղաքական գործունեության համար: Կանոնավոր բանակում ծառայելուց հետո բոլոր զինծառայողները համալրում են պահեստազորի շարքերը: Ի տարբերություն Ավստրիայի և Շվեյցարիայի՝ ֆիննական պահեստազորայինն իր տանը զենք կամ հանդերձանք չի պահում:  Համաձայն գործող կանոնների՝ զորահավաքի դեպքում պահեստազորայինն իր հետ բերում է միայն փաստաթղթերը և սմարթֆոնը, իսկ մնացածը պետությունն է ապահովում։

Տարածքային պաշտպանության համակարգը 

Համապարփակ անվտանգության համակարգի մեկ այլ բաղադրիչ էլ ֆիննական զինված ուժերի տարածքային զորքերն են, որոնք կազմված են տեղական պաշտպանության զորքերից և օժանդակ զորամասերից: Տարածքային պաշտպանության կազմավորումները պետք է գործեն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում և ապահովեն կանոնավոր զորամասերի և խմբավորումների բացազատման կամ այլ գործողություններ: Դրանց խնդիրն է պաշտպանել խոշոր բնակավայրերը, տրանսպորտային հանգույցները, օդանավակայանները, նավահանգիստները, ռազմական, պետական և արդյունաբերական կարևոր օբյեկտները և թիկունքում հետ մղել օդային ու ծովային հարվածները:

Տարածքային պաշտպանության զորքերը՝ որպես ստորաբաժանումներ, հանդես են գալիս գումարտակների, վաշտերի կամ բրիգադների տեսքով: Ենթադրվում է, որ դրանք կարող են իրականացնել նաև պարտիզանական գործողություններ։ Կանոնավոր բանակի հետ համատեղ գործելու դեպքում տարածքային պաշտպանության ստորաբաժանումները մտնում են դրանց կազմի մեջ: Կան նաև այսպես կոչված օժանդակ զորամասեր (խմբեր), որոնք ապահովում են բանակի լոգիստիկան։ Դրանց մեջ են մտնում ռազմական աջակցության, նյութատեխնիկական ապահովման, ռազմական ոստիկանության և երկաթուղային զորքերը: Այս զորամասերը համալրված են համապատասխան մասնագետներով և զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանիությամբ կամ քաղաքացիական ծառայության մեջ գտնվող անձանցով:

Վերջաբանի փոխարեն

Ըստ Ֆինլանդիայի համապարփակ պաշտպանության դոկտրինի՝ բոլոր քաղաքացիները պարտավոր են աջակցել զինված ուժերին: NDTAF-ի ստեղծման նպատակը քաղաքացիական բնակչությանը հնարավոր ռազմական իրավիճակներին նախապատրաստելն է: Դա անկախ քաղաքացիական միություն է, որը սերտորեն համագործակցում է պաշտպանության նախարարության հետ և նպատակ ունի աջակցելու զինպատրաստության գործին: NDTAF-ը հիմնադրման օրվանից Ֆինլանդիայի շուրջ 700 հազար քաղաքացիների է վերապատրաստել: Այն կանոնավոր վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում 15 և ավելի տարեկան քաղաքացիական անձանց համար:

NDTAF-ը ռազմական ուսուցման մի քանի ուղղություններ է առաջարկում՝ ընդհանուր զինպատրաստություն, մասնագիտական ուսուցում և հրամանատարական դասընթացներ: Միության գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքով, որտեղ նշվում է, որ NDTAF-ը կամավոր զինպատրաստություն է առաջարկում և Ֆինլանդիայի քաղաքացիներին տեղեկացնում է ազգային պաշտպանությանն իրենց պոտենցիալ մասնակցության մասին: 

Միության մեջ կանանց դերը կարևոր է։ Նրանք վերապատրաստվում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում: NDTAF-ը մասնաճյուղեր ունի Ֆինլանդիայի բոլոր վարչական շրջաններում: Դրա մեջ նաև բազմաթիվ կազմակերպություններ են մտնում, ինչպիսիք են Որսորդների միությունը կամ Կանանց պաշտպանության լիգան, որոնք նույնպես գիտեն, թե պատերազմի դեպքում ինչ պետք է անել: Միությունը ղեկավարում են բանակի պահեստազորի սպաները, ովքեր էլ կազմում են ռազմական ուսուցման պլանը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը համակարգում է NDTAF-ի գործունեությունը, Միությանը շենքային տարածքներ, վարժանքների դաշտեր, սարքավորումներ, զենք ու զինամթերք է տրամադրվում Հելսինկիի Սանտահամինա ռազմակայանում։

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Ֆինլանդիան մինչև 2023թ․-ը չեզոքություն էր պահպանում, ընդհանուր զորակոչի և զորահավաքին պատրաստ բազմաթիվ ռեսուրսների հիման վրա համապարփակ տարածքային անվտանգության համակարգը շարունակում էր արդիական մնալ (The Finnish Defence Forces' Front Page - Puolustusvoimat - The Finnish Defence Forces, Foreign Military Review 2021):

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել