Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Արտգործնախարարը նշել է, որ դա պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։
Հիշեցնենք, որ արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Արձանը պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
«Ադրբեջանի հետ միասին ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել ցանկացանք։ Ադրբեջանը խաղաղության առաջարկ արեց։ Բայց Հայաստանը, որը 30 տարի գրավյալ տարածքներն իրենն էր համարում՝ մոռանալով, որ մի օր այդ հողերը կվերադարձվեն։ Եվ հիմա, դրանց վերադարձից հետո Հայաստանը չի կարողանում հաշտվել դրա հետ»,- նշել է Չավուշօղլում՝ պնդելով, թե «Հայաստանը անընդհատ զենք է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, լարվածություն է ստեղծում դրանով»։
«Ադրբեջանը, բնականաբար, այս ուղղությամբ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական քայլեր է ձեռնարկում։ Իսկ մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք»,- ասել է Չավուշօղլուն։
Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիան ցույց է տվել իր անկեղծությունը․ Ադրբեջանի հետ գործողությունները համակարգելով՝ քայլեր է ձեռնարկել՝ բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ։
«Այդ ամբողջ ընթացքում ոչ Հայաստանը մեզնից պահանջեց Ցեղասպանության ճանաչում, ոչ էլ մենք ասացինք, որ առանց դրա հրաժարումի անհնար է, քանի որ կողմերի դիրքորոշումը հայտնի է․․․»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ, չնայած դրան, «Հայաստանը բացեց հուշարձան թուրք դիվանագետներին, քաղաքացիներին, ինչպես նաև ադրբեջանցիների սպանած ահաբեկիչներին փառաբանելու համար»
«Ես՝ որպես նախարարության ղեկավար, որի ներկայացուցիչներն ուժային կառույցների ներկայացուցիչներից հետո ամենաշատը տուժել են տեռորից, չեմ կարող դա ընդունել․․․Նրանք ցույց են տալիս, որ դրական մտադրությամբ չեն արել, իսկ ես ձեռքներս ծալած չեմ կարող նստել, և դրա համար էլ որոշում կայացվեց փակել մեր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Իսկ եթե շարունակեն, ուրեմն մենք այլ միջոցներ կձեռնարկենք, թող չնեղանան»,- նշել է Չավուշօղլուն։
comment.count (0)