Ճապոնիան վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը
19:54 - 03 մայիսի, 2023

Ճապոնիան վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մայիսի 3-ին ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության, այդ թվում Ճապոնիայի հասցեական գործողությունները ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճռի կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Յումի Յոշիկավան իր հերթին նշել է, որ իր այցի նպատակն է ակտիվացնել հայ-ճապոնական երկխոսությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Յումի Յոշիկավան իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ վերահաստատելով պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի դրույթների:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են հայ-ճապոնական մշակութային և կրթական փոխանակումները, համագործակցությունը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում և այլն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել