Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը
14:17 - 05 մայիսի, 2023

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ:

«Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից, ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ»,- արձագանքելով նախաձեռնությանը՝ նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել