ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել
18:15 - 06 մայիսի, 2023

ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2020, 2021 թվականների համար չեն ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի հայտարարագրեր։ ԿԿՀ-ն փորձել է ծանուցել Հարությունյանի ընտանիքի անդամներին հայտարարագրեր ներկայացնելու պարտականության մասին, բայց նրանց ուղղված ծանուցագրերը տեղ չեն հասել, թեպետ Հայկուհի Հարությունյանը, նրա քույրը, հայրն ու մայրը համատեղ են բնակվում (առնվազն 2021-ի դրությամբ): ԿԿՀ-ում հայտարարագրեր չներկայացնելու համար նաև վարույթ չի նախաձեռնվել։ 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևում է պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին, կանոնակարգում հայտարարագրերի ներկայացման գործընթացը, ստուգում և վերլուծում դրանք։ 

Հանձնաժողովի նախագահի 2020 թվականի հայտարարագրում կարդում ենք, որ նրա ընտանիքի անդամներ են համարվում Հայկ Հարությունյանը՝ հայրը, Լույսանուշ Հարությունյանը՝ մայրը, Հասմիկ Հարությունյանը՝ քույրը, և իր ազգականներից Էլինե Ավետիսյանը։ Վերջինս աշխատել է ԿԿՀ-ում։

Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները, պարտավորված լինելով ներկայացնել հայտարարագրեր, 2020 և 2021 թվականների համար չեն ներկայացրել դրանք։ ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները կարող էին չներկայացնել նմանաբնույթ հատարարագրեր, եթե դադարեին համատեղ բնակվել, սակայն Հայկուհի Հարությունյանի 2021 թվականի հայտարարագրից ևս պարզ է դառնում, որ նրա հայրը, մայրն ու քույրը շարունակել են համատեղ բնակվել (համատեղ բնակությունը դադարեցրել է Էլինե Ավետիսյանը)։ 

Կոռուպցիայի կանխերգելման հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ը հետաքրքրվել էր՝ ինչու հանձնաժողովի նախագահի հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր, և ինչ գործողություններ է հանձնաժողովը ձեռնարկել դրա հետ կապված։ Գրավոր հարցմանը պատասխանել է ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանը, ասել՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձինք գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր ներկայացնելու համար կրում են անհատական պատասխանատվություն։

«Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը օրենքով սահմանված հայտարարագրման պարտականության մասին ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին, և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ»,- տեղեկացրել են ԿԿՀ-ից։ 

 

ԿԿՀ-ն չի կարողանում ծանուցել հանձնաժողովի նախագահի ընտանիքին


Հաջորդ հարցմամբ հանձնաժողովից խնդրել էինք մեզ տրամադրել Հարությունյանի ընտանիքին հայտարարագիր ներկայացնելու համար ուղարկված ծանուցումները հավաստող փաստաթղթեր։ ԿԿՀ-ն մեզ տրամադրել է փոստային առաքմամբ Հարությունյաններին ուղարկված ծրարներն ու դրա վրա առկա մակագրությունները։ Դրանցից պարզ է դառնում, որ 2022-ի նոյեմբերի 29-ին դիմել են Հարությունյանների ընտանիքին՝ հայտարարագիր ներկայացնելու համար, բայց մոտ 1 ամիս անց ծանուցագրերը վերադարձվել են ԿԿՀ-ին «չպահանջված» նշագրումով, ինչը նշանակում է, որ ԿԿՀ նախագահի ընտանիքը, համատեղ բնակվելով հանդերձ, ծանուցագրերը չի ստացել։

Ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձ ԿԿՀ-ն չի ձեռնարկել, բացի այդ՝ «Ինֆոքոմ»-ի մի շարք հարցերի, ըստ էության, հանձնաժողովը չի պատասխանել. այսպես՝ հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԿԿՀ նախագահի ընտանիքը ի վերջո պատշաճ ծանուցվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ, ծանուցագրի վերադարձից հետո ի՞նչ գործողություններ են եղել Հարությունյանների հայտարարագրերը ստանալու համար։ Այս հարցերը մնացել են անպատասխան։ Ըստ առկա կարգավորումների՝ 2020 թվականի համապատասխան հայտարարագիրը պետք է ներկայացվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, 2021 թվականի հայտարարագիրը՝ մինչև 2022-ի մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն նաև չի պատասխանել, թե որ թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար են ծանուցվել Հարությունյանները։ 

Փաստացի, 2 տարի շարունակ ԿԿՀ նախագահի ընտանիքը չի ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագիր, և դա որևէ հետևանք չի առաջացրել նրանց համար, ԿԿՀ-ն այս փաստի հիմքով նաև վարույթ չի սկսել։ 

Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.28 հոդվածը նախատեսում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ 

 

Ի՞նչ է պարզաբանում ԿԿՀ-ն


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր պատասխանները «Ինֆոքոմ»-ին պարունակում են որոշակի իրարամերժ դրվագներ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ 2023 թվականի ապրիլի 17-ին ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։ Սակայն ուղարկված ծանուցումը հավաստող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2022 նոյեմբերի 29-ին ուղարկված ծանուցագրերը «չպահանջված» նշագրումով վերադարձվել են ԿԿՀ-ին դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ մեր հարցմանը պատասխանելուց ավելի քան 3 ամիս առաջ։

Բացի այդ՝ հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չձեռնարկելը ԿԿՀ-ն փորձում է հիմնավորել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ։

Հանձնաժողովը թեմայի շուրջ «Ինֆոքոմ»-ի հետ ունեցած գրագրություններում շեշտում է՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից հայտարարագրումների պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացը կասեցված է։ Ծանուցումները հնարավոր կլինի վերսկսել հայտարարագրման հին համակարգից դեպի նոր համակարգ տվյալների ամբողջական միգրացիայից հետո. «Առաջարկում ենք Ձեր հարցադրումները վերստին ուղղել Հանձնաժողովին 2023 թվականի մայիսի 31-ից հետո համապատասխան հայտարարագրերը ներկայացրած չլինելու դեպքում»,- պատասխանել են ԿԿՀ-ից։ 

ԿԿՀ պատասխանը նոր հարցեր է առաջ բերում. օրինակ՝ 2020 թվականին Հարությունյանների կողմից հայտարարագիր չներկայացնելը ինչպե՞ս է խաչվում 2023-ին հայտարարագրերի նոր համակարգի ներդրման հետ։ 2020-ի հայտարարագրերը պետք է ստացվեին, ստուգվեին 2021-ին, հետևաբար ի՞նչ առնչություն կարող է ունենալ նոր համակարգի կառուցումը 2020 թվականի տարեկան հայտարարագրի հետ, չէ՞ որ 2020 թվականի համար ծանուցումների գործընթացը կասեցված չի եղել։ 

ԿԿՀ-ից հետաքրքրվել էինք՝ ինչու հայտարարագրեր չներկայացնելու համար վարույթ չի նախաձեռնվել, նաև հարց էինք բարձրացրել՝ հայտարարագրման պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացն ինչ իրավական ակտի հիման վրա է կասեցվել։ 

Այս բոլոր հարցերին ԿԿՀ-ից պատասխանել են՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ինչպես նրանց (Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների), այնպես էլ մյուս բոլոր հայտարարատուների համար փաստացի 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն այս պահին չի ընձեռում։ ԿԿՀ-ն, փաստացի, այդպես էլ չի մանրամասնում՝ ինչու է 2020 թվականի համապատասխան հայտարարագրերը չստանալը կապում 2023-ին նոր համակարգի տեխնիկական աշխատանքների հետ, չէ՞ որ դրանք պիտի ստացվեին 2021 թվականին կամ 2022-ին։ 

 

Հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթները


Հայաստանում կա մի քանի համանման դեպք, երբ հայտարարագիր չներկայացնելը հայտարարատուների համար հետևանքներ է առաջացրել, ընդհուպ մեղադրական դատական ակտ։ Օրինակ՝ Մրգավան համայնքի ղեկավարի
տեղակալը չէր ներկայացրել հայտարարագիր, ապա նրան ծանուցվել էր հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։ Պաշտոնատար անձը շարունակել էր չներկայացնել, հարուցվել էր քրեական գործ, սկսվել և ավարտվել էր նախաքննությունը, ու գործը մտել էր դատարան։ Պաշտոնյան մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել 1 տարվա ազատազրկման, բայց փորձաշրջան էր սահմանվել, ու ազատազրկման պատիժը չէր կիրառվել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության հաղորդումից տեղեկանում ենք, որ ԿԿՀ-ն անցած տարվա ընթացքում գրավոր ծանուցումից հետո հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով 97 վարույթ է հարուցել։ Բացի այդ՝ դատախազություն են ուղարկվել մեկ վարչական վարույթի նյութեր այն հիմքով, որ հայտարարատուի կողմից դիտավորյալ չի ներկայացվել հայտարարագիր։ Ըստ ԿԿՀ 2021-ի հաղորդման՝ հայտարարատուի կողմից օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով հարուցվել էր 30 վարույթ։ 


Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան

Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել