armeniasputnik.am: Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո խոսակցություններ են ի հայտ եկել իրավիճակի անկանխատեսելի զարգացման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։
«Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, արձանագրումների ձևով ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել, ինչքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել։ Դրան հաջորդած ժամանակահավածում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, ավելին` կողմերը որոշակի զգուշավորությամբ, բայց խոսում են նոր հնարավոր անկանխատեսելի իրադարձությունների մասին»,– նշեց Աբրահամյանը։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Բաքուն համաձայն չէ անգամ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարմանը։ Աբրահամյանը նշեց` Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի տարածքների օկուպացիայի «լեգիտիմացմանը»։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նոր տարածքներ, ընդ որում՝ խոսքը միայն 8 գյուղի մասին չէ։
«Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկացած գնով փորձում է միջանցք ստեղծել»,– նկատեց Աբրահամյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանի ներկայիս պահանջները ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումը. եթե նախկինում իշխանությունները հանրությանը փորձում էին հրամցնել, թե Արցախի հանձնմամբ լուծում են Հայաստանի հարցը, ապա հիմա պարզ է, որ Արցախն ընդամենը դարպաս է Հայաստան մտնելու համար։
«Առաջիկայում, ցավոք, մեզ սպասվում են նոր, ծանր իրադարձություններ։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ այս իշխանությունները չունեն համապատասխան կամք դիմակայելու առկա մարտահրավերներին։ Ավելին` իրենց քայլերով առավել բարենպաստ դաշտ է ձևավորվում ադրբեջանական նոր ագրեսիայի համար»,– կարծում է պատգամավորը։
comment.count (0)