Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ |armenpress.am|
13:15 - 09 մայիսի, 2023

Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ |armenpress.am|

armenpress.am: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մայիսի 9-ին տեղի ունեցավ տոնական շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի ևս շքերթը համատեղ էր՝ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողների մասնակցությամբ: 

Մարզային և քաղաքային իշխանությունները, ԱԺ պատգավավորները, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները, զինվորականները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին, ապա հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ: 

«Երկրորդ համաշխարհային պատերազմն ու հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։ Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։ Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու»,-ողջունելով ներկաներին` ընդգծեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

«Սա ոչ միայն մեր հայրերի ու պապերի անսահման հպարտության օրն է, այլև հիշատակի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծ հայրենականի վետերաններին՝ ռազմաճակատի ու թիկունքի, անձնազոհության համար, իսկ գալիք սերունդներին մաղթել՝ հիշել պատերազմի դասերը»,-շնորհավորելով ներկաներին` ասաց ՀՀ–ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

 

«Չկա մի ընտանիք, որը չի տուժել Մեծ Հայրենականի պատճառով: 78 տարի է անցել այն հաղթական օրից, երբ խորհրդային պետությունների քաջության ու արիության շնորհիվ հաղթական ավարտ ունեցավ ամենադաժան պատերազմը: Մեծ Հայրենականի հիշատակը բոլորիս համար օրինակ կլինի հայրենասիրության ու արիության; Մեր խոնարհումը բոլոր վետերենաններին և խաղաղություն բոլորին»,- նշեց Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի շտաբի պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Վիկտոր Յուրիևիչ Բոնդուրևը:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել