armenpress.am: Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքը:
Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով: Ներկաները լռության րոպեով հարգեցին Մեծ Հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը:
«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները վերահաստատեցին իրենց պահանջներն ու պայքարելու վճռականությունը՝ ազատ ապրելու իրավունքի համար:
Այնուհետև ներկայացվեց օրերս նախաձեռնված ստորագրահավաքի պահանջագրի տեքստը՝ ուղղված ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին ու ՀՀ վարչապետին:
«Արցախի Հանրապետության քաղաքացիները նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի Նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- ասված է հայտարարության մեջ:
Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով Եռատոնի առթիվ, նշեց, որ իրենց սերունդը կատարել է այն, ինչը շատերին անհնարին էր թվում:
«Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծեց ազատամարտիկը:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ հաղթանակները միշտ հիշվելու են և դեռ կերտվելու են նորերը:
«Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում են պայքարել, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149-ը օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Ունենք մեծ խնդիրներ, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասաց Վարդանյանը՝ Արցախի շուրջ համախմբման կոչ անելով համայն հայությանը:
Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
comment.count (0)