Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
11:17 - 11 մայիսի, 2023

Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ անդրադարձավ սահմանային իրադրությանը։

Նա նշեց, որ ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։

Փաշինյանի խոսքով ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։

Նա ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար․ «Իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։ 

«Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով, տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով։ Որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է՝ իրադրությունը սրելու համար»,- հավելեց նա։

Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, ըստ Փաշինյանի, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։

«Բայց սա միակ նպատակը չէ։ Եվ հաջորդը միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ սեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է»,- նշեց Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեց կեղծ բնապահպանական ակտիվիստներով, Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով․ «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,- ասաց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել