«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը
11:25 - 11 մայիսի, 2023

«Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը փոքր է»․ Փաշինյանը չի փոխել եռակողմ հանդիպմանը մասնակցելու որոշումը

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց ՀՀ կառավարության նիստի սկզբում։

«Առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարավբերությունների հաստատաման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և այն պատրաստելու ստորագրման։

Նա նշեց՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները՝ արձանագրված Պրահայում և Սոչիում/ «Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյան տարածքային ամբողջականությունը 91թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Եթե Ադրբեջանը ճանաչում է հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ․ Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր, հրապարակային պայմանավորվածությունները, և դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»։

Փաշինյանը կոչ արեց հետևելու պաշտոնական լրահոսին։

«Այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել