Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|
16:05 - 11 մայիսի, 2023

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա:

«Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը:

«Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։ 

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

 

Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել