Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել
21:05 - 14 մայիսի, 2023

Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ հանդիպումներ անցկացնել՝ սահմանային հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Միշելի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ․ «Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։

Հավելենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 86 600 քառ․ կմ է։

Եվրոպական խորհրդի կայքում խմբագրվել է Շառլ Միշելի ուղիղ խոսքը․ Ադրբեջանի տարածքը կայքում նախ գրվել է 89 600 քառ․ կմ, ապա՝ 86 600 քառ․ կմ, որը, ինչպես նշել էինք, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափն է։

Նշենք՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ներառում է Արցախը (ԼՂԻՄ-ը և 7 շրջանները)։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ բանակցություններում կողմերն առաջընթաց են գրանցել։ Նրա խոսքով երկու առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնելու երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։

«Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են կնքել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը»,- նշել է Միշելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել