Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|
22:21 - 14 մայիսի, 2023

Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|

armenpress.am: «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականն իր կայքում հարցազրույց է հրապարակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: 

- Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը տարօրինակ պարեր է պարում Արևելքի և Արևմուտքի միջև։ Հանդիպում Վաշինգտոնում, հանդիպում Մոսկվայում: ՀԱՊԿ-ի քննադատություն, բարի խոսքեր ՀԱՊԿ-ի հասցեին։ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումների համարձակ ճանաչում, իսկ մի քանի շաբաթ անց՝ բազմաթիվ վերապահումներ այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ վերջապես, Փաշինյանի ժամանումը Մայիսի 9-ի շքերթին։ Քայլ առաջ, քայլ հետ: Ինչի՞ հետ է դա կապված:

- Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է։ Նախկինում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն ասած, մենք կարծում էինք, որ կարելի կլինի զանգահարել և ասել . «Ես խնդիր ունեմ»։ Ի պատասխան՝ կասեն. «Օքեյ, թանկագինս, մենք կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի աշխատում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր անվտանգության ամբողջ հայեցակարգը կառուցված էր դրա վրա, իսկ նորը դեռ չկա։

Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։

Հենց դա է ճգնաժամը։

- Եվ ի՞նչ անել:

- Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին:

- Որքան հասկանում եմ, խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը մինչ այժմ փակված չէ։

- Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը չէ։ Նաև մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին հայկական տարածքի վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չաշխատեց, և այդպես շարունակ:

- Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք եղե՞լ է:

- Եթե անկեղծ, այո, նման քննարկումներ եղել են, դա բնական արձագանք է։

- Այլ խնդիրներ էլ կան։ Վերջերս «Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակեց հայկական մթերքի վաճառքը Ռուսաստանում։ Վերին Լարսում մթերքով հայկական բեռնատարներ են կանգնած, դրանց չեն թողնում ՌԴ մտնել։ Ժամանակին այդպես են վարվել Վրաստանի հետ։ Սկզբում արգելեցին վրացական մթերքները, իսկ հետո սկսեցին բեռնատար ինքնաթիռներով արտաքսել վրացիներին։ Եվ դուք շատ ավելի խոցելի եք: Հայաստանում շատ են ռուսական ապրանքները։ Երկաթուղիները պատկանում են ՀԿԵ-ին։ Գազի հիմնական մատակարարումները ռուսական են։ Այս ամենը հեշտ է փակել, և կոլապս տեղի կունենա։

- Այո, այդպիսի վտանգ կա։ Իրականում խոցելի տեղերը շատ ավելի շատ են, քան Դուք թվարկեցիք: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, բայց մենք չենք կարող դա անել մեկ օրում։

Առայժմ ինքնիշխանությունը պահպանելու և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը խոչընդոտելու միայն մեկ ճանապարհ կա. դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք մեզ հաջողվել է կառուցել։

- Դուք անընդհատ արտաբերում եք «ինքնիշխանություն» բառը։ Բայց մենք գիտենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունն ընդհանուր համակարգչային բազա ունի Ռուսաստանի հետ։ Երևանը բառացիորեն լցված է ռուսական հատուկ ծառայություններով, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։ Ինչպե՞ս բացատրել դա և ի՞նչ անել դրա հետ:

- Ցանկացած հետախուզական գործունեություն կասեցնելու համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների ամբողջական բարեփոխում։ Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին։

- Կներեք, բայց դա բավականին անօգնական պատասխան է։ Դրանից հետևում է, որ դուք ոչինչ չեք կարող անել դրա հետ:

- Հենց հիմա չենք կարող, բայց հեռանկարում կարող ենք և կանենք։ Ի դեպ, «Զվարթնոց»-ի մասին։ Բոլորը հիշում են, որ դեռ վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահները, իսկ հիմա նստած են նաև հայ սահմանապահները։ Ուրեմն, այնուամենայնիվ, առաջընթաց կա։ Սակայն ինքնիշխանությունը երկար ճանապարհ է։ Դու չես կարող մի հրաշալի օր արթնանալ և դառնալ լիովին անկախ։ Պետք է նախ մի քայլ անել, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը։

- Իսկ կհասցնե՞ք։ Երկիրը անդունդի եզրին է հենց հիմա, ոչ թե հեռավոր հեռանկարում: Աղետ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր օր։

- Դա բոլորը հասկանում են։ Բայց նույնիսկ եթե շատ շտապել, անհնար է փոխել գործողությունների հաջորդականությունը: Միայն այսպես՝ նախ՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը: Եվ տեսնել, թե ինչ կստացվի, ինչպես կփոխվի իրավիճակը։ Մենք ազնվորեն ընդունում ենք, որ դեռ լուծում չունենք, բայց փնտրում ենք այն։ Մենք ունենք շանս, հնարավորություն: Եվ ոչ մի երաշխիք չկա:

-Ես վերջերս խոսել եմ Ստեփանակերտի հետ, այնտեղ վստահ են, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո ամեն օր կարող են ադրբեջանցիներ գալ Արցախ, և կլինի, ինչպես 1915-ին։ Եթե դա տեղի ունենա, ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը։

- Հայաստանը դեկտեմբերի սկզբից միջազգային բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։ Եկեք տեսնենք, թե ով ունի դրանք կանխելու հնարավորություն: Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ 2020 թվականի համաձայնագրերով՝ նրանք պարտավոր են դա անել։

- Բայց չեն անում։ Հանձնում են այն ամենը, ինչ հնարավոր է։

- Հասկանում եք, թե որն է իրավիճակի ողբերգությունը. ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, իսկ մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ շանսը միջազգային հանրությունն է։ Հայաստանը վաղուց է լոբբինգ անում միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղ ուղարկելը. առնվազն դիտորդական:

- Այստեղ նրբություն կա՝ Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է։ Իսկ չճանաչված հանրապետություններին միջազգային հանրությունը շատ թերահավատորեն է վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ Ղարաբաղին չեն պաշտպանում։

- Չճանաչված, բայց միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա:

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել