«Աուտիզմ ունեցող երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի»․ մեկնարկել է «Օգնության ձայներ» միջոցառումների շարքը
11:09 - 19 մայիսի, 2023

«Աուտիզմ ունեցող երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի»․ մեկնարկել է «Օգնության ձայներ» միջոցառումների շարքը

«Օգնության ձայներ» կամ «Sounds of Support». այս խորագիրն է կրում «Արվեստարան» զարգացման կենտրոնի նախաձեռնած բարեգործական միջոցառումների շարքը։ «Արվեստարան» կենտրոնը, որ հիմնադրվել է 2020 թ․-ին, իրականացնում է ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների համար։ Նպատակ ունենալով ստեղծել ներառական միջավայր, ուր կհաճախեն զարգացման առանձնահատկություններ ունեցող եւ չունեցող երեխաները՝ խաղերի եւ արտթերապիաների միջոցով ձեւավորելու եւ բարելավելու իրենց շփման հմտությունները՝ կենտրոնը միաժամանակ աշխատում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդների հետ, որոնք չափահասության շեմին զբաղվածությունից աշխատանքային զբաղվածության անցնելու խնդրի են բախվում։

Հենց այդ խնդրի լուծմանն է միտված «Օգնության ձայներ» միջոցառումների շարքը, որն ունի երկու հիմնական ուղղություն՝ իրազեկում, ինչը ենթադրում է աուտիզմի եւ զարգացման այլ առանձնահատկությունների վերաբերյալ ճշգրիտ եւ ամբողջական գիտելիքների փոխանցում, եւ բարեգործական դրամահավաք, որն ուղղվելու է կենտրոնի սաների աշխատանքային զբաղվածությունն ապահովելուն․ նրանք պատրաստելու են «արվեստոտ» լոշիկներ ու մատակարարեն խանութներին։ 

«Արվեստարան»-ի հիմնադիր Հասմիկ Թանգյանը Infocom-ին պատմել է «Օգնության ձայներ»-ի նպատակների, առաջին միջոցառման եւ գալիք ծրագրերի մասին։

Աուտիզմ ունեցող երիտասարդների հիմնական խնդիրները

«Արվեստարան» զարգացման կենտրոնի հիմնադիր Հասմիկ Թանգյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը աուտիզմ եւ զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երիտասարդներին աշխատանքով ապահովելն է։ Մեր երկրում, ըստ նրա, կան զբաղվածության կենտրոններ, որտեղ որոշակի հմտություններ են սովորում, սակայն աշխատանքի պլանավորման եւ ընդունման հստակ ծրագիր չկա, իսկ ֆինանսական կենտրոնացումը, այդ թվում՝ պետական, ուղղված է առավելապես զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին եւ ռեաբիլիտացիոն ծրագրերին․ «Այդ իսկ պատճառով հիմա մենք կենտրոնանում ենք միմիայն աշխատանքային զբաղվածության վրա, մոտ 8 ամիս է՝ տարածք էինք փնտրում, որպեսզի մեր արտադրությունը սկսեինք, վերջապես գտել ենք եւ հունիսի 1-ից սկսելու ենք արտադրական պրոցեսը․ մեր սաները արտադրելու են լոշիկներ եւ խանութներին վաճառեն»։ Որոշ սարքավորումներ ձեռք են բերել, որոշների համար էլ դրամական օգնության կարիք կա․ շուրջ մեկ տարվա անխոչընդոտ աշխատանքի համար 3-4 մլն ՀՀ դրամ է անհրաժեշտ, որի ընթացքում, սաները մշտական կախվածության մեջ չեն մնալու դոնորներից, սկսելու են սեփական եկամուտը ստանալ։

Ինչպես ծագեց լոշիկների գաղափարը 

Լոշիկներ պատրաստելու գաղափարը, ըստ Թանգյանի, սաներից մեկի ծնողն է առաջարկել, մեկ ուրիշն էլ, որ նախկին խոհարար է, սկսել է սովորեցնել իրենց, եւ ամեն ինչ հաջող է ստացվել․ անցյալ տարի որոշ շրջան պատրաստել են ու տարբեր ռեստորանների առաքել, սակայն ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների սակավության պատճառով ծրագիրը չի շարունակվել։

Այժմ կենտրոնը կամավորներով է համալրվել․ «Մենք շատ էինք ուզում, որ լոշիկները լինեն առողջ, որովհետեւ աուտիզմ ունեցողներին առողջ սնունդ է անհրաժեշտ, ուստի որոշեցինք շեշտը դրա վրա դնել, ընթացքում էլ կապեցինք «Արվեստարան»-ի հետ եւ ստացանք գունավոր լոշիկների գաղափարը, գույները սկսեցինք ստանալ բնական հումքից՝ բազուկի, գազարի, սպանախի հյութից»,- ասում է Թանգյանն ու նշում՝ այժմ շուկայում ուզում են տեսնել հենց այդ՝ «արվեստի վառարան»-ից դուրս եկած գունավոր լոշիկները։

Ինչ է ենթադրում միջոցառումների շարքը

Աշխատանքային զբաղվածության խնդրից բացի, ըստ Հասմիկ Թանգյանի, աուտիզմ ունեցող երիտասարդները ունենում են դժվարություններ՝ կապված իրենց իրավունքների (օրինակ՝ աուտիզմ ունեցող գրանցված աշխատողը զրկվում է նպաստի հնարավորությունից), հանրության մեջ ինտեգրվելու, խտրական վերաբերմունքի հետ, ուստի միջոցառումների շարքը դրամահավաքից բացի իրազեկման պարտադիր բաղադրիչ է ներառում․ «Երբ մենք սկսում ենք հատուկ կարիքներով մարդկանց մասնակցությամբ արտադրություն, զուգահեռաբար պետք է մտածենք մարկետինգի եւ իրազեկման մասին, որովհետեւ հազար ու մի կարծրատիպ կա, որ կարող է խոչընդոտել այդ ապրանքի սպառմանը»,- ասում է Թանգյանն ու հիշում՝ անցյալ տարի, երբ փորձում էին համագործակցել տարբեր սրճարանների հետ, երբեմն բախվում էին այդ կարծրատիպերին․ «Առաջին դժվարությունը անվստահությունն էր, այսինքն՝ մտածում էին՝ եթե գործի մեջ ներգրավված են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, ուրեմն՝ ինչ-որ բան այն չի լինի՝ սկսած կազմակերպչական հարցերից, վերջացրած որակով, բայց քանի որ մեր դեպքում նաեւ ծնողներն էին ներգրավված, բոլորս միասին մեծ ջանք էինք գործադրում, որ որակապես լավ ապրանք ունենանք»,- նշում է նա ու ընդգծում՝ եղել են նաեւ սրճարաններ, որ վստահել են իրենց, արժեւորել կատարված աշխատանքը։

Այժմ իրազեկումը, ըստ Թանգյանի, շատ կարեւոր է մարդկանց վերաբերմունքը փոխելու համար․ «Մենք լավ չենք ճանաչում հաշմանդամություն ունեցող մարդկանց, կարծում ենք՝ եթե ինքներս մի բան կարողանում ենք, իսկ իրենք չեն կարողանում, ուրեմն՝ այլ բաներ էլ չեն կարողանա, բայց իրականում բոլորս ունենք ուժեղ եւ թույլ կողմեր, որոշ բաներ կարողանում ենք, որոշ բաներ՝ չէ, այս մոտեցումը դպրոցից, մանկապարտեզից պետք է սերմանել, այսինքն՝ պետք է ցույց տալ մարդկանց, որ ես, օրինակ, գուցե ունեմ շփման դժվարություններ, բայց կարողանում եմ շատ լավ լոշիկ պատրաստել»։

Թանգյանը շեշտում է՝ ստեղծել են այնպիսի ձեւաչափ, որ մարդիկ ոչ միայն պարզապես գումար նվիրաբերեն կամ դասախոսություն լսեն աուտիզմի մասին, այլ անձամբ որոշակի փորձառություն ստանան՝ մասնակցելով տարբեր արտթերապիաների, այսինքն՝ միջոցառումները ոչ թե մասնագետների համար են, այլ բոլորի, որպեսզի ցանկացած մարդ, մտնելով այդ տարածք, իր համար կարեւոր մի բան քաղի։

Միջոցառումների մեկնարկը տրված է

Մայիսի 6-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ «Sounds of Support» շարքի առաջին միջոցառումը, որի շրջանակում արտթերապիաներ անցկացրին աուտիզմ ունեցող մարդկանց հետ աշխատանքի փորձ ունեցող, ՌԴ-ից ժամանած մասնագետներ Ելենա Կորյուկինան եւ Ալեքսեյ Կորյուկինը․ «Առաջին միջոցառման համար մեծ ջանք էինք գործադրել, շատ դժվար էր, իհարկե։ Շատ ուրախ էի, որ տեսա տարբեր մասնագետների․ դա մեծ առաջընթաց է, որովհետեւ սովորաբար տարբեր կենտրոնների միջեւ մրցակցություն է լինում, ինչը ես փորձում եմ կոտրել։ Հանդիպեցի նաեւ մի կնոջ, որ հիմնադրամ է բացել այստեղ, եւ առաջարկեց մեզ միավորվել, համատեղ աշխատել, ինչը եւս ինձ շատ ուրախացրեց, որովհետեւ միավորման մեջ է ուժը»։

Կենտրոնն այժմ սկսել է երկրորդ միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որ ծրագրում է իրականացնել հունիս ամսին․ «Հաջորդ միջոցառումը դարձյալ կներառի երաժշտական տարբեր հատվածներ ու դասախոսություն, գուցե ավելի զգայական փորձառությունների վրա կենտրոնանանք, շեշտը դնենք նաեւ տեսագործնական պարապմունքի վրա, որի ընթացքում մարդիկ կծանոթանան էմոցիաներին, քանի որ շատ դեպքերում մենք դժվարանում ենք հասկանալ աուտիզմ ունեցող մարդու հուզական ոլորտը, դժվար ենք հաղորդակցվում, նաեւ գիտենք մարդկանց, որոնք հենց իրենց են կասկածում, այսինքն՝ ինֆորմացիաներին ճիշտ տիրապետելու համար որոշակի գիտելիքներ կփոխանցենք»։ 

Թանգյանի խոսքով՝ ցանկանում են, որ միջոցառումները դառնան ամենամսյա, եւ որոշակի հաճախականությամբ խոսվի խնդրի մասին, որպեսզի դրան ավելի շատ ուշադրություն հատկացվի․ «Հիմա շատ դեպքերում, երբ դիմում ենք տարբեր ծրագրերի, ասում են՝ առաջնայինը այսինչ խնդիրներն են, երբեք աուտիզմ ունեցող երիտասարդի ճակատագիրը առաջնային չէ, իսկ եթե մենք շարունակենք բարձրաձայնել, կսկսեն կարեւորել այն»։

Վերջնանպատակը խնդիրների լուծումն է

Նախաձեռնության վերջնանպատակը, ըստ կազմակերպչի, այն է, որ աուտիզմ ունեցող երիտասարդների ձայնը լսելի, խնդիրները՝ լուծելի լինեն․ «Մենք արդեն ունենք առաջին սերնդի ծնողներ, որոնց երեխաները 20 տարեկանից բարձր են, եւ կարեւոր է, որ փորձի փոխանակում տեղի ունենա, այդ ծնողների փորձը պետք է հաշվի առնել, կարիքները՝ լսել, իրենք կարիք ունեն, որ իրենց երեխաները ապրեն այն լիարժեք կյանքով, որով այլ երիտասարդներ են ապրում, ունենան զբաղվածության, ժամանցի, կեցության նույն հնարավորությունները»։ 

Ինչ վերաբերում է լոշիկների արտադրությանը, հաջող ընթացք ունենալու դեպքում կենտրոնը նախատեսում է ընդլայնել այն՝ ստեղծելով սեփական սրճարան։

 

Գլխավոր լուսանկարում՝ Հասմիկ Թանգյանը

Հոդվածում հրապարակված լուսանկարները Infocom-ին է տրամադրել Հասմիկ Թանգյանը

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել