ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հանդիսանալով կոլեկտիվ պաշտպանության մաս, առանձին-առանձին սկսել են ավելի ուշադրություն դարձնել զորակոչային համակարգին՝ այն վստահելով հանրության լայն շերտերին և դրանց արտապատվիրման հաշվին թեթևացնելով անվտանգային ոլորտում պետության բեռը։ Սակայն դա չի նշանակում, որ անվտանգային խնդիրները որակական առումով տուժում են, հակառակը՝ հանրության լայն ներգրավվածությունը ավելի արդյունավետ է դարձնում զինված ուժերի համալրումը և անվտանգային այլ բաղադրիչներ։ Այս համատեքստում մենք կդիտարկենք Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Լեհաստանի զորակոչային համակարգերը և վերջին տարիններին մեծ քայլերով զարգացող տարածքային պաշտպանությունը, ստորաբաժանումները և գործառույթները համեմատության մեջ։
Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը
Գերմանիայի պաշտպանության նախարարության հայեցակարգը ենթադրում է պահեստազորի երեք տեսակներ՝ զինվորական, տարածքային և ընդհանուր: Զինվորական պահեստազորը նախատեսված է կանոնավոր բանակի ստորաբաժանումները արհեստավարժ պահեստազորայիններով համալրելու համար: Ընդհանուր պահեստազորը ներառում է ռազմական մասնագիտություններ ունեցող բոլոր զինապարտներին:
Գերմանիայի տարածքային պաշտպանության և աջակցության ուժերը ստեղծվել են 2012-2013 թվականներին: Դրանք նախատեսված են Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերը) զորամասերին լրացուցիչ առաջադրանքներով փոխարինելու համար։
Տարածքային պաշտպանության ուժերը ենթարկվում են դաշնային հողերին և «Հայրենիքի պաշտպանության» գումարտակների իրավահաջորդներն են:
Տարածքային պաշտպանության ուժերի ստորաբաժանումների առաջադրանքները հետևյալն են.
Խաղաղ ժամանակ պահեստազորը կազմված է տարածքային հրամանատարության վարչական Հողերում գտնվող տարածքային պաշտպանության 30 վաշտերից: Յուրաքանչյուր դաշնային Հողում այդ վաշտերի քանակը տարբեր է և տատանվում է 1-ից մինչև 7-ը (Բավարիա): Տարածքային պաշտպանության և պահպանության վաշտերը կարող են կազմված լինել 3-4 պարեկային ջոկատներց և կազմում են մինչև 100-130 զինծառայող:
Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմնական գործառույթները պահպանվում են և չեն ենթադրում ռազմական գործողություններին մասնակցություն։
Բրիտանական պահեստազորային համակարգը
Բրիտանական պահեստազորային համակարգը «Պահեստային ուժերի մասին» 1996 թ.-ի օրենքի համաձայն կազմված է հետևյալ տեսակներից՝ կամավորական, կանոնավոր և պայմանագրային։
Մեզ հետաքրքրում է տարածքային պաշտպանությունը, որը կամավորական պահեստազորն է և կազմված է ցամաքային զորքերի՝ ինչպես մարտական, այնպես էլ օժանդակ զորամասերից: Խաղաղ ժամանակ դրանք ունեն մշտական անձնակազմ՝ ուսումնական վարժանքների և վարչական գործառույթների կազմակերպումն ապահովելու համար, ինչպես նաև պահեստազորից բաղկացած ոչ մշտական կազմ: Յուրաքանչյուր ուսումնական կենտրոն ունի 1-2 տարածքային զորամաս՝ դասակից մինչև գումարտակի չափով: Խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության բանակը համալրված է 5-10%-ով։
Կամավորների գործառույթներն են.
Բրիտանական տարածքային պաշտպանությունը բաղկացած է նաև արձագանքման ցածր պատրաստվածության լրացուցիչ պահեսատզորից՝ կոմսություններում տեղաբնակների տեղակայման սկզբունքով։ Յուրաքանչյուր կոմսությունում առկա է 500 մարդուց կազմված կամավորական խումբ:
Լեհաստանի պաշտպանության ուժերը
Ի տարբերություն Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի՝ Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերը գործառույթների առումով առաջադրանքների ավելի լայն շրջանակ ունեն:
Լեհական տարածքային պաշտպանության հիմնական զորամասը կազմված է բրիգադից և գումարտակից, որը իր հերթին բաղկացած է թեթև հետևակային վաշտերից, հատուկ նշանակության վաշտից և առանձին դասակներից: Եթե լեհական թեթև հետևակային վաշտերը համեմատելու լինենք գերմանական տարածքային պաշտպանության վաշտի հետ, ապա կտեսնենք, որ Լեհաստանն ունի չորս ջոկից բաղկացած 4-րդ օժանդակ դասակը (2 հակատանկային, 1 ականանետային և 1 գնդացրային): Հետևաբար, լեհական տարածքային պաշտպանության յուրաքանչյուր հրաձգային դասակ ունի օժանդակ ջոկ: Նաև այս է պատճառը, որ լեհական վաշտերի կարողություններն ավելի մեծ են և բազմաֆունկցիոնալ, քան գերմանականինը: Դա հատկապես երևում է գումարտակի և բրիգադի մակարդակում: Բացի անձնական մարտական հրաձգային զենքից՝ լեհական գումարտակները պետք է զինված լինեն կառավարվող հակատանկային և նռնականետային համակարգերով, ականանետներով և գնդացիրներով։
Խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանությունը բաղկացած է 19 հրաձգային առանձին բրիգադներից՝ յուրաքանչյուր վարչական տարածքում կենտրոնական բրիգադներից՝ յուրաքանչյուրում 700 զինծառայող: Պատերազմի ժամանակ տարածքային պաշտպանության բրիգադը 3,5 հազար զինծառայողի է հասնում: Հետևակային ստորաբաժանումներից բացի՝ դրանց պետք է միանան նաև հակաօդային պաշտպանության, հրետանային և այլ ստորաբաժանումները: Այսպիսով՝ տարածքային պաշտպանության համակարգի ստեղծման ժամանակ Լեհաստանը նախատեսում է այնպիսի ուժեր, որոնք պետք է կարողանան օժանդակ խնդիրներ լուծել ոչ միայն թիկունքում, այլ նաև ճակատում և նույնիսկ հակառակորդի թիկունքում:
Լեհական տարածքային պաշտպանության ուժերին պատվիրակված առաջադրանքների շրջանակը հետևյալն է.
Պահեստազորի ուսումնական վարժանքները
Գերմանական տարածքային պաշտպանության ուժերի հիմքը կամավորությունն է, անձնակազմը բաղկացած է հիմնականում Բունդեսվերի նախկին զինծառայողներից և քաղաքացիական մասնագետներից: Պահեստազորի ստորաբաժանումները ստեղծվել են կանոնավոր բանակի առկա զորամասերի հիման վրա, որոնց կառուցվածքի հիման վրա էլ կազմակերպվում են նրանց զինպատրաստությունը և նյութատեխնիկական ապահովումը:
Կամավորների զինպատրաստության և կրթության համար ֆինանսավորումը կատարվում է տարածաշրջանային բյուջեից, իսկ պահեստազորի սարքավորումների և հատուկ զինամթերքի ծախսերի կեսը հոգում են ՏԻՄ-երը: Առաջին և հատուկ զինպատրաստությունն իրականացվում է բանակային այն զորամասի հիման վրա, որտեղ գրանցված է տվյալ էսկադրոնը: Կանոնավոր զորամասերն այդ նպատակի համար զենք են տրամադրում: Տարածքային պաշտպանության զորամասերի սարքավորումները և զենքը, ի տարբերություն Շվեյցարիայի և Ավստրիայի, պահվում են զորամասերում, իսկ համազգեստը և հանդերձանքը՝ տանը:
Տարածքային պաշտպանության վաշտերի ամենամյա ուսումնական վարժանքը տևում է 12 օր և իրականացվում է կանոնավոր զորամասում, որտեղ նրանք գրանցված են: Նշված ուսումնական վարժանքն ավարտելուց հետո թեկնածուն պահեստազորայինի կարգավիճակ է ձեռք բերում: Ուսումնական ծրագրի մեջ մտնում են կրակային, մարտավարական, ֆիզիկական և բժշկական պատրաստությունը, քաղաքային և լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարումը, փրկարարական/կյանքի փրկության ծառայությունները, անձի և տրանսպորտային միջոցների զննությունը:
Կան նաև եռամսյակային ուսումնական վարժանքներ. յուրաքանչյուր եռամսյակում 5 օր նվիրվում է տեսական պարապմունքներին: Բացի դրանից՝ տարին առնվազն 2 անգամ կամավորական դասակները համագործակցում են տեղական կառավարման մարմինների, ոստիկանության և փրկարար ծառայությունների հետ:
Բրիտանական պահեստազորում կամավորները հավաքագրվում են զինպատրաստության կենտրոնների հատուկ նշանակված սպաների միջոցով: Նախքան պայմանագիր կնքելը պոտենցիալ պահեստազորայինը պետք է այդ մասին տեղեկացնի իր գործատուին և ստանա նրա գրավոր թույլտվությունը: Բացի դրանից՝ նա պետք է ձեռք բերի գործատուի գրավոր թույլտվությունը հավաքների ժամանակահատվածի համար:
Պահեստազորայինը զինծառայության պայմանագիրը կնքում է նշված տեսակի պահեստազորի կոնկրետ պաշտոնում ծառայելու համար և չի կարող տեղափոխվել առանց իր համաձայնության: Կամավոր պահեստազորայինի պայմանագրի ժամկետը շարքայինների համար կարող է լինել 3, 6 կամ 9 տարի, իսկ սպաների համար՝ 19-25 տարի: Պահեստազորայինի ցանկությամբ պայմանագիրը կարող է երկերեցվել կամ լուծվել՝ ըստ սահմանված դրույթների: Ամենամյա վարժանքները տևում են 50 օր և ոչ ավելի անգամ, քան իրար հաջորդող 21 օրը: Ուսումնական վարժանքը կարող է իրականացվել ինչպես ուսումնական կենտրոններում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի տարածքում և արտերկրում տեղակայված կանոնավոր զինված ուժերի ռազմակայաններում: Հավաքներում պահեստազորայինի տրամադրած ժամանակի համար վճարը կատարվում է պաշտպանության նախարարության բյուջեից:
Լեհաստանի տարածքային պաշտպանության պահեստազորի ուսումնական վարժանքն իրականացվում է շաբաթական մեկօրյա վարժանքի տեսքով՝ տեղակայման վայրում, ամսական 2-օրյա վարժանք՝ ուսումնական կենտրոններում, տարեկան 14-օրյա կամ 30-օրյա գործնական վարժանք: Ընդհանուր առմամբ վարժանքերը կազմում են տարեկան 90-ից մինչև 106 օր, որը թույլ է տալիս տարածքային պաշտպանության ուժերի միջոցով ուժեղացնել կանոնավոր ստորաբաժանումները, դրանք համալրել որակյալ կադրերով: Տարածքային պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը ֆինանսավորելու պարտականությունները դրված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա: Բացի դրանից՝ նախատեսվում է պահեստազորի կողմից անհրաժեշտ սարքավորումների/հանդերձանքի գնումներն ազատել հարկերից։
Հղումներ՝
nd-defence-command/auftrag-territoriales-fuehrungskommandos/territorial-reserve
https://www.bundeswehr.de/en/about-bundeswehr/the-bundeswehr-reserve
https://www.army.mod.uk/who-we-are/the-army-reserve/
https://pulaski.pl/analiza-wojska-obrony-terytorialnej-rola-miejsce-zadania/
https://www.thekcis.org/publications/insights/insight-28
https://www.gov.pl/web/national-defence/polish-armed-forces1
Նարեկ Ներսիսյան
comment.count (0)