Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
14:13 - 22 մայիսի, 2023

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե Հայաստանը մտադի՞ր է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, որոնք կկայանան Ղրղզստանում, եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երբ հայտարարեց, որ ՀՀ-ի օրակարգում եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։

«Կմասնակցենք, չենք մասնակցի՝ քննարկման փուլում է, թե մասնակցելիս էլ ինչ ձեւաչափով եւ ինչ ծավալով, դա լրացուցիչ կքննարկվի եւ կիմացվի։ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցին նախորդ ասուլիսում անդրադարձա՝ դա ինչ է նշանակում կամ ինչու է էդ հարցը բարձրացել, որովհետեւ մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս ՀՀ-ից։ Այսինքն, եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին Կազմակերպության ունեցած պարտավորությունները, եւ չէի ասի, թե էդ հարցը դուրս է եկել օրակարգից․ դուրս չի եկել օրակարգից, որովհետեւ քանի դեռ էդտեղ հարց կա քննարկելու, էդ հարցը քննարկվում է։ Տեսեք, անընդհատ խոսվում է՝ մոնիտորինգի խումբը գա Հայաստան, թե չգա Հայաստան, ինչու չի գալիս, ինչն է պատճառը, մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնու՞մ էմեզ անելու։ Այսինքն, եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ, ոչ թե առաջարկեր, այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե էդ հնարավորությունները եղել են, բայց էդ հնարավորությունների փակ լինելը հիմանակոնւմ բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել ա, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- նշեց Փաշինյանը։ 

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը նշեց․

«Նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ չունի։ Վերջերս սոցհարցում էր արվել, եւ մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի վստահելիությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է։ Բա հարաբերություններ ասելով հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերություննե՞րը չեն»,- ասաց Նիկոլ Փշաինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել