Անընդունելի և առ ոչինչ է Արցախի ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն․ Արցախի ԱԺ
09:06 - 23 մայիսի, 2023

Անընդունելի և առ ոչինչ է Արցախի ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն․ Արցախի ԱԺ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները, անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։

Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել