ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին
 |hetq.am|
10:28 - 24 մայիսի, 2023

ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։ 

Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։ 

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված մեր գրության մեջ հարցրել էինք՝

  • ո՞ր օրն է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը,
  • որտե՞ղ է հայտնաբերվել,
  • արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ եթե տեղափոխվելու էր, ապա ո՞ր երկիր,
  • ի՞նչ մրգի անվան տակ է ներմուծվել 1 տոննա թմրամիջոցը,
  • մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված հայաստանյան ընկերությունը «Մրգենի» ՍՊԸ-ն է․ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությունը․ եթե ոչ, ապա ո՞ր ընկերությունն է ներմուծել,
  • այս դեպքը կապ ունի՞ Իտալիայում առգրավված 2,7 տոննա թմրամիջոցի դեպքի հետ, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունից մեկ օր առաջ՝ մայիսի 16-ին, Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնել էր, որ Կալաբրիայի մարզի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2734 կգ (2.7 տոննա) կոկաին։ Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ: Ըստ հաղորդման՝ կոնտեյներները Էկվադորի Գուայակիլ քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է տեղափոխվեին Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել