Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է
13:17 - 26 մայիսի, 2023

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հայտարարագրերը, որոնք պահանջվում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու  ժամանակ, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ 

Խաչիկ Ղազարյանը 2021 թ․ նոյեմբերի 16-ից զբաղեցրել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս պաշտոնում վերջինս դադարել է աշխատել 2022 թ․ հոկտեմբերի 11-ին։ Դրանից մոտ երկու ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 2-ին Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ 2023թ. փետրվարի 17-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։

Այսպիսով, և՛ Խաչիկ Ղազարյանը, և՛ նրա ընտանիքի չափահաս անդամները (այս դեպքում՝ կինը) 2021 թ․ դեկտեմբերին պետք է ներկայացնեին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 2022 թ․ նոյեմբերին՝ դադարեցնելու հայտարարագրերը, իսկ մինչև 2022 թ․ մայիսի 31-ը՝ 2021-ի տարեկան հայտարարագրերը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում առկա են Խաչիկ Ղազարյանի՝ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, 2021 թ․ տարեկան, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը։ Փաստացի, Խաչիկ Ղազարյանը ներկայացրել է պահանջվող բոլոր հայտարարագրերը։

Խաչիկ Ղազարյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ։ Նրա խոսքով այս դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։

Հայտարարագրերի ներկայացման հետ կապված այլ իրավիճակ է նրա կնոջ դեպքում։ Արմինե Պետրոսյանը 3 հայտարարագրերից որևէ մեկը չի ներկայացրել։ Պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը՝ Ղազարյանը նշեց՝ «խնդիրը բացառապես պայմանավորված է եղել որոշակի տեխնիկական անհնարինությամբ»։ Բանավոր զրույցում դատավորը ներկայացրեց՝ եղել է տեխնիկական խոչընդոտ, իր կինը լրացրել է հատարարագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգով, բայց համակարգը թույլ չի տվել հայտարարագիրը վերբեռնել։ Փորձել են հայտարարագիր ներկայացնել նոր համակարգով, բայց ապարդյուն. «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրեց Ղազարյանը։ 

Ղազարյանի խոսքով ԿԿՀ կայքը խափանվել է, անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները չեն եղել, մի քանի օր առաջվա դրությամբ դեռ «պատուհան» չի եղել, ու կինը նորից չի կարողացել լրացնել տարեկան հայտարարագիր 2021-ի համար։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի խոսքով պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը իր կինը լրացրել է, բայց դրանք համակարգի անկատարության հետևանքով չեն արտացոլվել։ 

Ղազարյանն ասաց՝ «տրամաբանություն չկա հայտարարագիր չներկայացնելու», և վստահեցրեց՝ կարելի է ստուգել զանգերով և պարզել, որ մոտ 50 զանգ են կատարել ԿԿՀ՝ հայտարարագրերի խնդիրը լուծելու համար։  

Մեր ճշտող հարցին՝  հայտարարագրերը ներկայացնելու փորձերը և զանգերը կատարվել են մինչև հայտարարագրերի ներկայացման համար սահմանված ժամկետների ավա՞րտը, թե՞ այդ ժամկետների ավարտից հետո, Ղազարյանը պատասխանեց․ «Կինս փորձել է զանգահարել։ Դուք էլ որ փորձեք զանգեք, կտեսնեք, որ համարները չեն պատասխանում։ Հաստատ հայտարարագրման ժամկետի մեջ ենք փորձել, դրանից հետո էլ ենք փորձել։ Կինս ավելի ուշ է լրացրել, որովհետև իրեն մուտք գործելու գաղտնաբառերը ուշ են եկել կամ չեն էլ եկել»։ 

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկանալու, թե ինչու Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը չի ներկայացրել հայտարարագրերը, և ինչ քայլեր է ձեռնարկել ԿԿՀ-ն՝ այս փաստով պայմանավորված։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հայտարարատու անձանց գրավոր ծանուցում ուղարկելու ժամկետ սահմանված չէ, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, և գրավոր ծանուցում ուղարկվում է այն ժամանակ, երբ նկատում են, որ որևէ հայտարարագիր բացակայում է։ Հանձնաժողովը նշել է նաև, որ Արմինե Պետրոսյանի հայտարարագրի չներկայացման փաստը հայտնաբերվել է «Ինֆոքոմ»-ի հարցումից հետո։ 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ և շահագործմամբ պայմանավորված՝ 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն համակարգը հայտարարատուների համար այս պահին չի ընձեռում։ Այն կվերականգնվի 2023 թվականի հուլիսից, որից հետո հանձնաժողովը կծանուցի հայտարարագրման պարտավորություն ունեցող բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել՝ տրամադրելով 30-օրյա ժամկետ»,- հավելել են հանձնաժողովից։ 

Նշենք նաև, որ 2020 և 2021 թվականների հայտարարագրերի ներկայացման տեխնիկական անհնարինությունն ի հայտ է եկել 2023 թվականի հունվարի 1-ից․ նախկինում մեր կատարած հարցումներին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնել էին, որ էլեկտրոնային նոր համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հայտարարագրման պարտավորության վերաբերյալ հայտարարատու անձանց ծանուցումների գործընթացը, ինչպես նաև նախկինում տրամադրված հայտարարագրերում փոփոխության իրականացումը Հանձնաժողովը կասեցրել է 2023 թվականի հունվարի 1-ից։


Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել