Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել |armenpress.am|
14:07 - 27 մայիսի, 2023

Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Արտաշատից դեպի Գառնի մրցումների մեկնող մարզիկները մայիսի 27-ին վթարի են ենթարկվել: Վթարի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցին հաղորդել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

«Երկու մեքենա՝ մեկը «Վազ 2106», իսկ մյուսն այլ մակնիշի, բախվել են: «Վազ 2106»-ում են եղել մարզիկներն ու մարզիչները: Նրանք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մահացել է մարզիկներից մեկի հայրը, որը նաև մարզիչ է եղել: «Մարզիկներից երկուսի վիճակը ծանր է: Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում: Այն, ինչ հաղորդում եմ, նախնական տվյալներ են»,- նշել է Աբրահամյանը:

«Վիրավորների թվում է նաև մյուս մեքենայի վարորդը»,-ասել է Գոռ Աբրահամյանն ու հավելեց՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն այլ մանրամասներ կհաղորդի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել