ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը:
Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող են ճանաչվել 5 մասնակիցներ, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները, և պարգևատրվել են 8 հաղթողները, տեղի է ունեցել նաև ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ տնտեսագիտական թեմաներով քննարկում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին ու հաջողություն մաղթել նրանց միջազգային փուլում:
«Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտության բարձրացումը հանրակրթության բոլոր մակարդակներում: Պետք է փաստել, որ ֆինանսական գրագիտությունը ներառում է մի շարք առարկաներ, և շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան, թե յուրաքանչյուր առարկայի շրջանակում ձեռք բերած կարողություններն ու հմտություններն ինչպես են կիրառելու իրենց կյանքում, մասնավորապես ինչպես են պլանավորելու իրենց բյուջեն, ծախսերը: Այսօրինակ մրցույթները և օլիմպիադաները խրախուսում են սովորողներին ևս մեկ անգամ ստուգելու իրենց գիտելիքները: Վստահաբար՝ ուսումնառության ընթացքում պաշարած գիտելիքներն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում դրսևորվելու լավ առիթ են ընձեռում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այն աշակերտները, որոնք հաջողություն են գրանցել օլիմպիադայի հանրապետական փուլում, կհաջողեն նաև միջազգային հարթակում։
Նշենք նաև, որ միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են 10, 11, և 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:
Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցության իրավունք էին ստացել մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտներ:
Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ:
Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակն է դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը։
comment.count (0)