Կարևոր է դիվերսիֆիկացնել կապուղիները․ Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և SkyTel-ի միջև գործարքի մասին
21:29 - 02 հունիսի, 2023

Կարևոր է դիվերսիֆիկացնել կապուղիները․ Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և SkyTel-ի միջև գործարքի մասին

Օրերս հայտնի դարձավ, որ Team ընկերությունների խումբը դարձել է Վրաստանի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերի սեփականատերը։

«Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնելու ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այս գործարքը կարևոր է համարում մի քանի պատճառներով։ Նրա խոսքով, նախևառաջ, կարևոր է այն, որ հայկական տելեկոմը դուրս է գալիս միջազգային շուկա։ Բացի սրանից՝ կան ռազմավարական հարցեր․ «Հայաստանը երկիր է, որն ունի ընդամենը երկու ելք կապուղիների տեսանկյունից, և դա երկիրը դարձնում է խոցելի։ Անվտանգության տեսանկյունից կարևոր է, ինչքան հնարավոր է, ավելի դիվերսիֆիկացնել, մեծացնել ծավալները, հնարավորությունները»։

Փորձագետը շեշտում է ևս մի կարևոր փաստ․ Արդբեջանը փորձում է դառնալ վրացական  ինտերնետ պրովայդեր Caucasus Online-ի սեփականատերը, իսկ Caucasus Online-ի կապուղին միակն է, որը, բացի Ռուսաստանից, նաև դեպի Եվրոպա է գնում։ Նրա խոսքով, եթե այդ գործարքը կայանա, ապա Հայաստանի համար մի շարք սպառնալիքներ կարող են ի հայտ գալ․ «Team-ի ու վրացական պրովայդերի (SkyTel-ի,- խմբ․) միավորումը կարղ է թույլ տալ այդ հարցի շուրջ նոր լուծումներ ստանալ»։ 

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ խոսքը միայն այն մասին չէ, որ կօգտագործվեն վրացական եղած կապուղիները․ նրա խոսքով այս գործարքը կարող է հնարավորություն տալ նաև նոր կապուղիներ ստեղծելու։ 

Փորձագետը նշում է՝ որպեսզի որևէ երկիր կապուղիների ապահով ռեզերվներ ունենա, նրա կապուղիները պիտի գոնե 4 ուղղությամբ ելք ունենան, իսկ Հայաստանի դեպքում դա լուրջ խնդիր է․ «Նաև հաշվի առնենք, որ այդ կապուղիները շատ դեպքերում անցնում են այն տարածքներով, որտեղ Ադրբեջանն ունի հնարավորություններ, օրինակ, դիվերսիաների։ Եվ պարզ է, որ մեզ պետք է կապուղիների հնարավորինս դիվերսիֆիկացված շուկա ունենալ։ Իհարկե, պետք էր այս ամենի մասին շատ-շատ առաջ մտածել։ Ու պետությունը պետք է այս հարցերում լուրջ ներգրավվածություն ունենա թեկուզ բիզնեսի աջակցման տեսանկյունից։ Այս պահին վիճակը բավականին լուրջ է, և կարծում է՝ սա (Team-ի և SkyTel-ի գործարքը,- խմբ․) առնվազն պոտենցիալ է ստեղծում իրավիճակը փոխելու»։

Team ընկերությունների խմբի անդամ Team Telecom Armenia-ն գործունեություն է ծավալում նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ միջազգային կապուղիների միջոցով ինտերնետ մատակարարելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ։ Խոսելով այն մասին, թե ինչպիսի նշանակություն ունի SkyTel-ի 30% բաժնեմասի ձեռբերումը ինտերնետի արտահանման հարցում, տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է, որ ամեն լրացուցիչ հնարավորություն ստեղծում է պոտենցիալ՝ ինչպես կտրուկ մեծացնելու տարանցիկ տրաֆիկը, այնպես էլ ավելի մրցակցային դառնալու։

Սամվել Մարտիոսյանն առանձնացնում է ևս մի կետ․ այս գործարքը կարող է կարևոր նշանակություն ունենալ նաև ինտերնետ կապուղիների ծանրաբեռնվածության համատեքստում․ «Կապուղիները միշտ սարքում են ավելի մեծ ծավալներ ապահովելու համար, քան այս պահին կա։ Բայց ինտերնետի աճն այնքան արագ է գնում, որ պլանավորվում է մեծ ժամանակահատված, բայց շատ արագ կապուղիներն ուղղակի լցվում են։ Կարծում եմ՝ տարածաշրջանի կապուղիները վաղ թե ուշ էլի գալու, բախվելու են այդ խնդրին։ Ու բնականաբար ապագայի տեսանկյունից, ընդ որում՝ ոչ շատ հեռու ապագայի տեսանկյունից էլ է դա կարևոր, որ մենք կարողանանք ծավալները սպասարկել։ Շատ պարզ բան․ տեսանյութերի որակն աճում է, մարդկանց պահանջը՝ ավելի որակյալ տեսանյութեր դիտելու, աճում է, ինչը բերում է կապուղիների  շատ լուրջ  ծանրաբեռնմանը։ Ամբողջ աշխարհում է այդ խնդիրը ու մեզ մոտ էլ։ Մենք իրավունք չունենք վերջին պահին սկսել այս հարցերը լուծել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել