Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել անհարկի չմեկնել Իրան
12:44 - 03 հունիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել անհարկի չմեկնել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս անհարկի չմեկնել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգուշություն։ Միևնույն ժամանակ այժմ Իրանում գտնվողներին երկրի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «զգուշացումը կապված է այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված ահաբեկչության և դրա հետևանքով Իրանում սահմանափակ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հետ»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, ևս երկու մարդ վիրավորվել էր։

Թեհրանի ոստիկանապետը հայտնել էր, որ հարձակվողը, որը ձերբակալվել է, դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանապետը նշել էր, որ հարձակման շարժառիթները եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում էին Իրանում Ադրբեջանի դեսպանատան բակի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում էր, որ հարձակվող անձը մեքենայից իջնում և ներս է մտնում միայնակ, շենքի ներսի տեսագրություններում նույնպես անձը միայնակ է։ 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ավելի ուշ հայտարարել էր, որ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես դատապարել է դեսպանատան վրա հարձակումը՝ որակելով այն «ահաբեկչություն»։

Այս դեպքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրեց դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը կշարունակի իր գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել