Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով խաղաղապահներ կուղարկի Կոսովո |hetq.am|
15:03 - 04 հունիսի, 2023

Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով խաղաղապահներ կուղարկի Կոսովո |hetq.am|

hetq.am: Թուրքիան որոշել է իր խաղաղապահ ուժերն ուղարկել Կոսովո՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի դիմումի։ Այդ մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Կոսովոյում իրադարձություններից հետո Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի դաշնակցային հրամանատարության խնդրանքով, որպես պահեստային ստորաբաժանում, տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հատուկ նշանակության գումարտակը (Քըրքլարելի), որն ավելի վաղ հատկացվել էր Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ ստորաբաժանումը հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրադ» զորանոց։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև կոչ է արել զուսպ և կառուցողական երկխոսություն ծավալել ճգնաժամի կարգավորման շուրջ, որը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: 

Նոր քաղաքապետերի ընտրություններից հետո ցույցեր էին սկսվել Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական համայնքներում: Ցուցարարները Զվեչան գյուղում հարձակվել էին ՆԱՏՕ-ի խաղաղապահների վրա։ Վիրավորվել էր իտալացի ու հունգար 30 զինվորական, ինչպես նաև ավելի քան 50 սերբ։

Միջանկյալ ընտրությունների ժամանակ, որոնք սերբերը բոյկոտել էին Բելգրադի ցուցումով, հաղթել էին ալբանական ծագմամբ քաղաքական գործիչները այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցությունը չէր գերազանցել ընտրողների ընդհանուր թվի 4 %-ը։

Նախօրեին Կոսովոյի նախագահ Վեսա Օսմանին հաստատել էր, որ Կոսովոն երկրի հյուսիսում պատրաստ է կազմակերպել նոր ընտրություններ։ Նոր ընտրությունների հնարավորության մասին հայտարարել էր նաև Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։ Նրա խոսքով՝ դրա համար նախապայման պետք է լինի տեղական խորհուրդների շենքերից սերբերի հետքաշումը և նրանց ցույցերի դադարեցումը։ 

Օսմանին նշել էր, որ նման խնդրանքով հանդես էին եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել