Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ՀՀ ԱԽ քարտուղար
23:16 - 04 հունիսի, 2023

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են Հայաստանի կողմից. ՀՀ ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի նշեց, թե ԵԱՏՄ շրջանակում միջանցք բառի վերաբերյալ Փաշինյան-Ալիև քննարկումից տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն են նույն կերպ պատկերացնում, բայց Հայաստանի տեսակետը չի համընկնում նրանց տեսակետին․ «Կողմերն իրենց տեսակետները մոտեցրե՞լ են միմյանց», - հարցրեց լրագրողը։ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջանցք բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է,  յուրիսդիկցիան և փոխադարձությունը։

«Ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վրա երկար ժամանակ տարբեր ձևերով ճնշումներ են գործադրվել այդ սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու համար։ Հարցին՝ ճնշում էի՞ն գործադրվում, թե գործադրվում են, Գրիգորյանը պատասխանեց․ «Ներկայումս ավելի հաստատակամ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու. միգուցե նախկինում հույս կար։ Կարող եմ ասել, որ սեպտեմբերի պատերազմի պատճառներից մեկը հենց դա է, որովհետև Հայաստանի վրա փորձ է կատարվում ճնշում գործադրել նաև ռազմական ճանապարհով, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումները փոխի, բայց Հայաստանը այս հարցերում հաստատակամ է»։ 

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանն այն մասին, թե կողմերը մոտ են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց հետևյալը. «Առաջնային հարցը ոչ թե երկաթուղու շինարարության, այլ քաղաքական համաձայնության գալու հարցն է. քաղաքական համաձայնություններն էլ պետք է լինեն նշված երեք սկզբունքների շրջանակում»։

Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ նա նշեց, որ դրա ամբողջովին փակ լինելը մեծ մտահոգություն է առաջացնում; «Մենք տեսնում ենք՝ Լաչինի միջանցքի շրջանակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի պահպանվում, և դա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք և ԼՂ, որպեսզի էթնիկ զտման վտանգը, որ այս պահին կա, չեզոքացվի. մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ներկայությունը կարող է այդ վտանգը չեզոքացնել»,- ասաց ԱԽ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել