Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացման ուղղությամբ. Միրզոյան
20:53 - 05 հունիսի, 2023

Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացման ուղղությամբ. Միրզոյան

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ,

Շարունակելով այսօրվա քննարկումները՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մասով, նշեմ, որ 2022թ ․ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ ներգրավածությունը ԵԱՏՄ շրջանակներում տարբեր մակարդակներով անցկացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին։

2022 թ. կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 և Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 նիստեր՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստեր՝ ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի տարեվերջյան նիստն անցկացվել է Երևանում։

Մշակվել և ընդունվել են մի շարք փաստաթղթեր: ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ կողմից ստորագրվել են 11 միջազգային պայմանագրեր, վավերացվել կամ հաստատվել են 15-ը:

Կարծում եմ՝ անդրադարձ կլինի դեռ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հիմնական, այդ թվում՝ առևտրատնտեսական և մաքսային, ոլորտներում ընդունված փաստաթղթերին, դրանց կարգավորումներին: Իմ կողմից նշեմ, որ շարունակվել են բանակցությունները երրորդ երկրների հետ առևտրային համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի կնքման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, կարծում ենք, լրացուցիչ խթան կդառնա միության համար:

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները 2022թ. ակտիվորեն շարունակվել են. կայացել են բանակցությունների ևս 5 փուլեր, որոնց ընթացքում համաձայնագրի տեքստը գրեթե վերջնականացվել է, թեև առանձին դրույթներ դեռևս քննարկվում են։ Հոկտեմբերին Կահիրեում կայացել է ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը. համաձայնագրի նախագծի տեքստի դրույթների մեծ մասը համաձայնեցված է:

Անցյալ տարվա մայիսին և դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է, համապատասխանաբար, Ինդոնեզիայի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումները։

Աշխատանքներ են տարվել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչպես նաև տարանցիկ, մասնավորապես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

Խոսեցի ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին, հավելեմ, որ շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն Իրանի հետ նաև երկկողմ ձևաչափով: Նոյեմբերի 1-ին Հայաստանի վարչապետը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրան, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Աշխատանքներ են տարվում տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ինչպես գիտեք, հոկտեմբերին Կապանում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Այս բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարարը:

Եվ խոսելով տարածաշրջանի, մասնավորապես հարևան երկրների հետ առկա ակտիվ կապերից՝ նշեմ նաև, որ զարգանում են Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունները, քայլեր են ձեռնարկվում դրանք առավել ամրապնդելու ուղղությամբ: Ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեռնափոխադրումների և քաղաքացիների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով: Նախորդ տարվա ապրիլին և հուլիսին, համապատասխանաբար, կայացել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան և իմ այցը Թբիլիսի: Հունիսին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպումը:

Թերևս այստեղ ես կանգ կառնեմ: Հանդիպման մնացած ընթացքը քննարկման տեսքով կշարունակենք»,- նշված է զեկույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել