Լծենից Նորավան ճանապարհահատվածը շուտով կբացվի և ամբողջությամբ կլուծի մեր հիմնական խնդիրը. Սյունիքի մարզպետ |1lurer.am|
13:17 - 06 հունիսի, 2023

Լծենից Նորավան ճանապարհահատվածը շուտով կբացվի և ամբողջությամբ կլուծի մեր հիմնական խնդիրը. Սյունիքի մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Այն վիճակն է, որը բոլորին հայտնի է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջ գալուն, նա նշեց. «Ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել, բայց ասել, թե կոնկրետ ո՛ր տեղերից, քանի՛ մետր՝ չեմ կարող. ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և նրանք ինձ չեն զեկուցում մանրամասները»:

Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղից շուրջ 50 տնտեսվարող ընտանիք ադրբեջանցիների առաջ գալու հետևանքով խնդրի առջև է կանգնել: «Այս տարվա հետ կապված չիրացված եկամտի համար կաջակցենք. երկարաժամկետ կտրվածքով պետք է հետ գնա Ադրբեջանը»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը: 

Նա վստահեցրեց, որ մարզից արտագաղթ չկա. «Սա լավ առիթ է, որ նորից շնորհակալություն հայտնեմ մեր ժողովրդին, որ միասնական ու ամուր եղան, որովհետև Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, և շատ կարևոր էին և՛ բնակչության բարոյահոգեբանությունը, և՛ ձեռք ձեռքի բռնելը: Այս իմաստով Սյունիքը, կարծում եմ՝ շատ լավ օրինակ ցույց տվեց: Անկախ ամեն ինչից՝ կա վերքաղաքական բան՝ լինել միասնական, ամուր, և մեր թշնամիներին առիթ չտալ ևս մեկ անգամ մեզ թիրախավորելու և իրենց նպատակներին հասնելու»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության բացման օգուտներին՝ նա նշեց, որ դրա բացումից հետո միանշանակ դրական փոփոխություններ են եղել. «Բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունենում թե՛ ես, թե՛ համայնքի ղեկավարը: Տարբեր տնտեսական և սոցիալական, մշակութային ծրագրեր են քննարկվում ԻԻՀ գործընկերների հետ: Իրականում սա շատ շուտ պետք է լիներ, քանի որ Իրանը Սյունիքի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել: Տեխնիկական խնդիրներ էին լինում կոմունիկացիայի հետ կապված հարցերի պատճառով, հիմա այդ հարցերը վերացված են, որովհետև ունենք գլխավոր հյուպատոս, ում հետ տարբեր հարցեր ենք քննարկում: 

Խոսելով Տաթև-Լծեն ճանապարհի մասին՝ նա ասաց, որ բուն Տաթև-Լծենն ավարտված է. «Լծենից Նորավան հատվածի բացումը շատ շուտով կլինի. այդ ճանապարհն ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծի»,- նշեց մարզպետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել