Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները
 |armenpress.am|
16:05 - 06 հունիսի, 2023

Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։

«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում»,- ասաց Կարո Նասիբյանը։

Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։ 

«Կար կարծիք, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին չի մասնակցի։ Ինչպես տեսնում ենք, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միևնույն է հայտագրվել է հունիսի քննության համար»,-ասաց Կարո Նասիբյանը։

Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։  

Քննությունների կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կարո Նասիբյանը նշեց, որ վերահսկողական գործիքակազմն, ինչպես նախորդ տարիներին, գործի են դրվելու։ Բոլոր նրանք, որոնց մոտ կհայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դուրս կհրավիրվեն։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել