Էրդողանի վարչակազմը մտադիր է փոփոխություններ անել թուրքական սահմանադրության մեջ |hetq.am|
09:44 - 07 հունիսի, 2023

Էրդողանի վարչակազմը մտադիր է փոփոխություններ անել թուրքական սահմանադրության մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նոր կառավարությունը կրկին խորհրդարանի քննարկմանը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությունը։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության առաջին նիստից հետո, որը ձևավորվել է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

«Մենք կրկին խորհրդարանի քննարկմանը կներկայացնենք սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին մեր առաջարկությունը»,- հայտարարել է Էրդողանը։ Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Էրդողանը չի մանրամասնել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ընտրությունների երկրորդ փուլում վերընտրվել էր այդ պաշտոնում, ավելի վաղ հայտարարել էր, որ իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը կլինի նոր սահմանադրության մշակումը և ընդունումը։ Գործող սահմանադրությունն ընդունվել էր 1982 թվականին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 

Էրդողանը երկու անգամ հանրաքվեի է ներկայացրել հարցեր, որոնք կապված են հիմնական օրենքում փոփոխությունների իրականացման հետ։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն այդպես էլ չընդունվեց։ 

Թուրքական ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրել էր սահմանադրության սեփական նախագիծը, որը ենթադրում էր վերադարձ կառավարման խորհրդարանական համակարգին։ 

Նոր գումարման խորհրդարանում մանդատների մեծ մասն ստացել է Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչը ենթադրում է, որ սահմանադրության նոր տարբերակը կարող է խնդիրներ չունենալ խորհրդարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել