Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է։ Այս մասին Infocom-ին հայտնել են Ոստիկանությունից՝ նշելով, որ Արագածավան գյուղի բնակչին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Ոստիկանության Թալինի բաժին, մեկ անձ ձերբակալվել է։
ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել դեպքից․
«2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են»,- նշել է Աբրահամյանը։
Նշենք, որ ԶԼՄ-ներում երեկ տեղեկություն էր տարածվել, որ Թորոսյանը ծեծի է ենթարկել Արագածավան գյուղի բնակիչ Ա.Ս.-ին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը առաջացրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
comment.count (0)