«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»․ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից
12:32 - 09 հունիսի, 2023

«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»․ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթանում են Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատալսումները։ Նիստը դռնփակ էր։

Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է գործով ներգրավված փաստաբաններից։

«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս, և մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ։ Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը։ Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»,- հավելեց նա։

Նա այլ մանրամասներ չներկայացրեց՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է եղել։

Պաշտպաններից Գեորգի Մելիքյանը ասաց, որ պատճառների մասին ճիշտ կլինի Գայանե Հակոբյանը հայտնի։

«Ընդամենը մի բան կասենք, որ կա հակասություն մեր և տիկին Գայանե դիրքորոշումների մեջ։ Պաշտպանության մարտավարության հետ կապված՝ նաև փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել ենք ծառայություններից։ Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»,- ասաց Մելիքյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ եթե այդպես է, ապա մնում է ենթադրել, որ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղադրանքը, Մելիքյանը արձագանքեց․ «Միգուցե Ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել