news.am: Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, որովհետև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում, անում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ԲԴԽ նիստում քննարկվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Նա հայտարարեց, թե բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։
«Ես միջնորդեցի, որ հնարավորություն տան՝ ընդմիջում հայտարարվի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձան։ Ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննարկվում», - ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ է ուզում հաղորդում ներկայացնել՝ դատավորը պարզաբանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ճիշտ լսեցի՞, թե՞ չէ, որ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմա՞մբ, ասաց՝ չէ՛, գույքի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ հանցագործությա՞ն մասին հաղորդում ներկայացնեմ, թե՞ կարգապահական պատասխանատվության ենթարկելու», - նշեց նա։
ԲԴԽ-ն որոշել է դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը: «Ես ասացի՝ իմ անձնական տեսագրումը, ձայնագրումը կարո՞ղ եմ անել: Ասում է՝ չէ, ու կարգադրիչներին հրահանգում է... ես նաեւ բերել էի համապատասխան բարձրախոս, որ կարողանամ հրապարակել, այդ բոլոր գույքերը վերցրեցին, դուրս հանեցին: Հիմա թույլ տվեք ընդմիջումից օգտվեմ, փորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում»,- ընդգծեց դատավորը:
Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։
Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
comment.count (0)