Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|
09:13 - 20 հունիսի, 2023

Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել |azatutyun.am|

azatutyun.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար:

Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Մինչ ցուցարարները հայհոյում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը:

«Արցախում և այստեղ կատարվողի միջև Զուգահեռները շատ են»,- «Ազատությանն» ասել է ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ:

«Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի», - ասել է նա:

 

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով:

Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, մինչդեռ Երեցյանը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում, ասում է, որ իրեն քավության նոխազ են դարձրել և պատժում են «մի փաստաթղթի համար, որը ստորագրել է պատրիարքը»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի», -ասել է կարգալույծ արված քահանան։

Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։ Պատրիարքարանի խոսնակը «Ազատության» հարցերին միայն գրավոր է արձագանքել, թե՝ «մեր շահերից չի բխում պատասխանել ձեզ»։ Կամ ավելի պարզ ասած՝ «դա ձեր գործը չէ»:

Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։

Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։

Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:

 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել