Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում. վարչապետ
 |1lurer.am|
12:40 - 20 հունիսի, 2023

Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջաբրայիլի մատույցներ: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինեինք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք էին լինելու, կամ էլ պիտի գնայինք ցավոտ զիջումների: Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին իմ Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին: Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա, մյուս կողմից էլ վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին էր: «Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհելու Ստեփանակերտը, և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհելու 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները ՊԲ-ի, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ վարչապետը նշեց, որ հասկանալով՝ Շուշիի անկյունաքարային նշանակությունն է՛լ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ են եղել: «Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է: Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը: Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ ԳՇ-ը չէր հաստատում այդ տեղեկատվությունը: Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ 1 տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ. այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա:

Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, և այդպես շարունակ, ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի շուրջ իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի:

Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք. այսինքն՝ պահեք Շուշին. Շուշին պահել, հետ վերցնել: Ի ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո՝ ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք: Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգամանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել