Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է
15:08 - 20 հունիսի, 2023

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Վերջինս իր ծավալուն ելույթում խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, ներկայացրել այդ ընթացքում եղած շփումները տարբեր կողմերի հետ, անդրադարձել հրադադարի վերաբերյալ քննարկված բոլոր համաձայնագրերին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, տելեգրամյան իր ալիքում մանիպուլյատիվ է ներկայացրել վերջինիս խոսքի այն հատվածը, որը վերաբերել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Մասնավորապես, Հոխիկյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, այնինչ այն հրապարակվել է երեկոյան․

«Նիկոլը քիչ առաջ հայտնեց, որ 2020 թվականի խայտառակ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, թեև փաստաթուղթը հրապարակվել է միայն երեկոյան։ Այսինքն այն պահին, երբ հայկական բանակը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս Շուշիի համար, երբ տասնյակ հայեր էին զոհվում առաջնագծում, երբ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարում էր, որ Շուշին մերը չի, իսկ Նիկոլն էլ արձագանքում էր, թե "Շուշիի համար մարտերը շարունակվում են", այդ ժամանակ Նիկոլն արդեն իսկ հանձնել էր ամեն ինչ ու ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք, որ թշնամին ավելի շատ տարածք կարողանա ստանալ»,- գրել է Հոխիկյանը։

Նիկոլ Փաշինյանը ելույթում իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, սակայն, նշել է, որ այդ փաստաթուղթը եղել է եռակողմ հայտարարության նախնական տարբերակը միայն, որտեղ խոսք չի եղել Շուշիի հանձնման, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվել է միայն ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների տեղակայման մասին։ Ըստ Փաշինյանի՝ ինքը ստորագրել է այդ տարբերակը, սակայն Ադրբեջանը դրանում փոփոխություններ է առաջարկել, որոնք արդեն հայկական կողմի համար են անընդունելի եղել։ Ի վերջո առավոտյան Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն ուժը կորցրել է առաջարկված փոփոխությունների շուրջ անհամաձայնության բերումով, և միայն երեկոյան նոր տարբերակն է դրվել սեղանին, որն էլ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները․ այդ փաստաթուղթն էլ հրապարակվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ 

Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի այդ հատվածն ամբողջությամբ և առանց խմբագրման, որպեսզի տեսանելի լինի ամբողջ համատեքստը․

«Ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարծքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ուշադրություն դարձրեք, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի, լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։

Այնուամենայնիվ պարզվեց, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում։ Այսինքն, օրվա ընթացքում անընդհատ էդ ստորագրված տեքստը ոնց որ շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվել է այդ փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և որ հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։

Այսպիսով, Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը մանիպուլյատիվ է և ապակողմնորոշող։ Փաշինյանն իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, բայց դա եռակողմ հայտարարության միայն նախնական տարբերակն է եղել, որին ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել՝ առաջարկելով նոր փոփոխություններ՝ այս անգամ անընդունելի հայկական կողմի համար։

Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել