factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով Արդարադատության նախարարության ներկայացուցիչները երեկ բացարկի միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին:
Ըստ Արդարադատության նախարարության` դատավոր Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն, ուստի Վարդանյանը չի կարող անաչառ լինել Հարությունյանի կարգապահական գործով: Բարձրագույն դատական խորհուրդը այս միջնորդությունը բավարարել է: Հատկանշական է, որ Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարը Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանն է, սակայն այս ընկերական հարաբերությունները ԲԴԽ-ի համար, փաստորեն, խնդրահարույց չեն:
Նշենք, որ ԲԴԽ-ում այսօր շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը:
Երեկ տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում Խորհրդի դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել` նշելով , որ Հարությունյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի: Խորհրդի մեկ այլ անդամ` Մեսրոպ Մակյանը, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, թեև երեկվա նիստին մասնակցել է, բայց այսօր գործուղման է։ Այսինքն` այս պահին ԲԴԽ-ն 6-հոգանոց կազմով է քննում Հարությունյանի վերաբերյալ գործը, որոնց թվում` 2 դատավոր անդամ և 4 գիտնական: Խորհրդի կազմում են ՀՀ դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը, որը Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել, Վիգեն Քոչարյանը, Քննչական կոմիտեի նախնին նախագահ Հայկ Գրիգորյանը:
comment.count (0)