ԵԽԽՎ-ն կոչ է անում «ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը» |azatutyun.am|
09:10 - 23 հունիսի, 2023

ԵԽԽՎ-ն կոչ է անում «ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հինգշաբթի երեկոյան կայացած լիագումար նիստի ժամանակ, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, հաստատեց Lաչինի միջանցքում ստեղծված կացությանը վերաբերող բանաձևը։

48 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ Վեհաժողովն արձանագրեց, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, նաև կոչ արեց Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակված վճիռը։

Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները կոչ են անում Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։ Բանաձևի հեղինակը՝ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը, քննարկման ընթացքում բավական մանրամասնորեն ներկայացնում էր Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը՝ պարբերաբար թարմացնելով այնտեղից ստացվող տեղեկատվությունը։

«Հրատապ մի թարմացում, որ ես ստացա բառացիորեն 20 րոպե առաջ Եվրամիության դիտորդական առաքելության կողմից Լաչինի միջանցքից։ Նրանք հաստատեցին շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել ճանապարհի երկու կողմերում՝ անհնարին դարձնելով մեքենաների տեղաշարժը։ Անչափ ճնշող է այդ լուրը լսել այսօր, երբ մենք հենց այս հարցն ենք քննարկում», - հայտարարում էր Գավանը։

Իռլանդացի պատգամավորը նաև խոսում էր Ադրբեջանից հնչող հայատյաց հայտարարությունների մասին՝ հիշատակվելով դրանցից մեկը, երբ ադրբեջանական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայկական սփյուռքը համեմատել էր «Եվրոպայի մարմնում բուն դրած չարորակ ուռուցքի» հետ։ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ «այդ սկանդալային ձևակերպման որոշ հեղինակներ այժմ մեզ հետ նույն դահլիճում են»։

«Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Սամեդ Սեիդովն այսօր մեզ հետ է։ Եկեք լսենք նրանց բացատրությունները, թե ինչու է նա Լեռնային Ղարաբաղում և այլ վայրերում ապրող հայերին Եվրոպայի չարորակ ուռուցք համարում։ Պարոն Սեիդով, ես նույնիսկ կարծում եմ, որ դուք կարող եք հանդես չգալ պատասխան ճառով։ Ջորջ Օրուելը իր «1984» վեպում այն ձեզ համար արդեն գրել է։ Դուք պարզապես կարող եք կանգնել և ասել. - «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, տգիտությունը՝ ուժ», - հայտարարում էր Ռուբինյանը։

Սամեդ Սեիդովի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարի պնդմամբ՝ Երևանից և եվրոպական որոշ մայրաքաղաքներից Բաքվին ուղղվող մեղադրանքներն անհիմն են։ Ավելին, ըստ Սեիդովի, հայերն են, որ ամեն ինչ անում են խաղաղությունն անհնարին դարձնելու համար։

«Մեղադրելով ինձ, մեղադրանքներ ուղղելով Ադրբեջանի հասցեին, բողոքելով Եվրոպայի խորհրդին, միջազգային կազմակերպություններին աղերսագրեր ուղղելով՝ հայերը փախչում են բանակցություններից։ Գիտե՞ք ինչու։ Պատասխանն ակնհայտ է։ Նրանք ցանկանում են խոսել խաղաղության մասին, այլ ոչ թե հասնել այդ խաղաղությանը», - հայտարարում էր Սեիդովը։

Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ ԵԽԽՎ-ում կայացած քննարկումների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հստակ գծագրված մարտավարություն էր որդեգրել՝ փորձելով ամեն կերպ ձգձգել բանաձևի քվեարկությունը։ Այս նպատակով ադրբեջանցի պատգամավորները հինգ տասնյակից ավելի լրացումներ էին ներկայացրել բանաձևի տեքստում՝ հասնելով նրան, որ դրանք քննարկվեն առանձին-առանձին։

Ադրբեջանական կողմի լրացումները Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին հիմնականում որևէ առնչություն չունեին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել