Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին
16:33 - 27 հունիսի, 2023

Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021 թվականի ընթացքում նրա իրականացրած ծախսերից ավելի քան 40 միլիոնը որևէ կերպ չի արտացոլվում ծախսերի հայտարարագրում։ Բացի այդ՝  Թադևոսյանը Արմավիրի մարզի Վանանդ համայնքում ընդարձակ հողամասեր ունի։ 

 

Թադևոսյանը ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ է։ Մինչ այդ նա Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ էր, իսկ դրանից առաջ ավագ քննիչ էր նույն մարմնի՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։ 

 

Արտակ Թադևոսյանի եկամուտներն ու ծախսերը

2021-ի տարեսկզբի դրությամբ  Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է շուրջ 27,8 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 26,3 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում Թադևոսյանի եկամուտները կազմել են շուրջ 53,4 միլիոն դրամ։ Այսպիսով, Թադևոսյանի ունեցած և տարվա ընթացքում ստացած միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 115,5 միլիոն դրամ։

2021 թվականի տարեվերջի դրությամբ Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է 31,9 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 30,1 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Այսպիսով, տարվա վերջին առկա միջոցների հանրագումարը կազմել է շուրջ 70 միլիոն դրամ։ 

Հետևաբար ստացվում է, որ Արտակ Թադևոսյանը տարվա ընթացքում ծախսել է շուրջ 45,5 միլիոն դրամ, որից հայտարարագրում արտացոլված է միայն 5 միլիոն դրամը՝ որպես գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր, իսկ մնացած 40,5 միլիոն դրամը որևէ ձևով արտացոլված չէ հայտարարագրում։

Կոռուպցիայի կանխարգելման գործընթացում տարածված պրակտիկա է ոչ միայն այն դեպքերի դիտարկումը, երբ պաշտոնատար անձի գույքի ավելացումը,  պարտավորությունների նվազումը կամ  կատարված ծախսերը ողջամտորեն չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, այլ նաև այն դեպքերինը, երբ պաշտոնատար անձը իրականացնում է էականորեն մեծ ծախսեր, որոնք հայտարարագրում որևէ կերպ չեն արտացոլվում։

Ծախսերի հայտարարագրման հարցը բաց էր մինչև 2021 թվականը։ Սակայն 2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Բացի այդ՝ հայտարարագրման ենթակա է  ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը։

Իհարկե, տեսականորեն հնարավոր է մեկ տարվա ընթացքում 40․5 միլիոն դրամը ծախսել այնպես, որ որևէ դեպքում միանվագ ծախսը չգերազանցի վերոնշյալ 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը չգերազանցի 3 միլիոն դրամը, սակայն գործնականում նման մեծության  ծախսի իրականացումը հարցեր է առաջացնում։ Այս հարցերի պարզաբանման համար «Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ դիմեց Արտակ Թադևոսյանին՝ տեղեկանալու, թե այս գումարները ինչ ուղղություններով է ծախսել։ 

Վերջինս նշել է, որ թեև հայտարարագրում եղած ֆինանսական տվյալները մեր կողմից թերի են ներկայացված, բացի այդ՝ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, այլ ոչ անձի կողմից կատարված ծախսերին, ինչպես նաև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է․ «Հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու եմ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։

Ֆինանսական տվյալների ներկայացման մեջ իսկապես առկա էին թերություններ, սակայն դրանք էական ազդեցություն չունեին հարցման բովանդակության վրա (օր․՝ 40,5 միլիոնի փոխարեն նշված էր 42 միլիոն դրամ)։ Այնուամենայնիվ, հարցման պատասխանից հստակ է, որ անգամ դրանց բացակայության դեպքում Արտակ Թադևոսյանի պատասխանի բուն բովանդակությունը չէր փոփոխվելու։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի հայտարարագրերում առկա է մեկ այլ ուշագրավ տվյալ։ Թադևոսյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերի համեմատությունից պարզ է դառնում, որ 2020-ի տարեվերջի դրությամբ նա ավելի քան 31 միլիոն դրամի հանձնված փոխառություններ է ունեցել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին ու «Հայբիզնեսբանկ»-ին։ Սակայն 2021-ի տարեսկզբին հանձնված փոխառությունների գումարը կազմել է շուրջ 27,8 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ  ավելի քան 3,2 միլիոն դրամի չափով փոխառության վերադարձ է եղել։ Բացի այդ՝ 2020-ի  տարեվերջի համեմատությամբ 2021-ի տարեսկզբին 400 հազար դրամով նվազել են նաև Թադևոսյանի դրամական միջոցները։ Հայտարարագրերի այլ դաշտերում փոփոխություններ չեն եղել։ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերում ներկայացվող տվյալները վերաբերվում են հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածին, հետևաբար տարվա վերջը դեկտեմբերի 31-ն է, իսկ տարվա սկիզբը՝ հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ 1 օրվա ընթացքում Արտակ Թադևոսյանը, այս երկու դրվագները միասին վերցրած, շուրջ 3,6 միլիոն դրամի ծախսեր է իրականացրել, որոնք հայտարարագրման ենթակա չեն եղել։


2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր 


2021 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր 

Բացի այդ՝ 2021-ի տարեվերջին Թադևոսյանն ունեցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին հանձնված մոտ 31,8 միլիոն դրամի փոխառություն։ Սա, ենթադրաբար, տրվել է ՀԿ-ին՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բնակարան գնելու համար։ 2022-ի տարեսկզբին արդեն ԵՊՀ շրջանավարտների միավորմանը հանձնված փոխառությունն անհետացել է, և հայտնվել է նոր փոխառություն, որի պարտապան է դարձել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։ Հանձնված փոխառության ծավալը կազմել է 28,2 միլիոն դրամ։ 2022 թվականի տարեվերջի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկին հանձնված այս փոխառության գումարը նվազել է՝  կազմելով մոտ 23,7 միլիոն դրամ։ Հետաքրքիր է, որ տարեվերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դաշտում առկա է ստացված հիփոթեքային վարկի մնացորդ՝ նույն մեծությամբ։ Ենթադրաբար Արտակ Թադևոսյանը ստացված հիփոթեքային վարկը լրացրել է նաև որպես իր կողմից հանձնված փոխառություն։

2022-ի հայտարարագրում Արտակ Թադևոսյանը նաև հայտարարագրել է «Հայբիզնեսբանկ»-ին տրված 131 000 դրամի փոխառություն։ Ճշգրիտ նույն գումարը նա հայտարարագրել է նաև որպես իր բանկային հաշվի մնացորդ։

Քննիչի հայտարարագրի այս գրառումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ հայտարարագրում ներկայացված տվյալներում կարող են լինել վրիպակներ, լրացնելու պահանջների և տվյալների  արժանահավատության հետ կապված խնդիրներ։

Մենք փորձեցինք Արտակ Թադևոսյանից այս անգամ արդեն բանավոր մեկնաբանություն ստանալ այս և վերոնշյալ մյուս հարցերի վերաբերյալ, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

 

Արտակ Թադևոսյանի հողերը Վանանդում

Թադևոսյանի՝ 2022 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա սեփականությամբ իրեն պատկանող 6 միավոր հողամաս ունի Արմավիրի մարզի Վանանդ գյուղում․ դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Կադաստրի կոմիտեի՝ այս տարվա տվյալներով, սակայն, Արտակ Թադևոսյանը Վանանդում 5 միավոր հողամասերի սեփականատեր է։ Թադևոսյանին սեփականությամբ պատկանող  ամենափոքր հողը 4500 քառակուսի մետր է, ամենամեծը՝ 3,3 հեկտար։ 

2017-ի մայիսին Արտակ Թադևոսյանը քաղաքացի Էդգար Ղահրամանյանից 200 000 դրամով ձեռք է բերել Վանանդում գտնվող 1,5 հեկտար մակերեսով հողամասը։ 

2018-ի հունվարին նույն գնով Թադևոսյանը գնել է 1,48  հեկտար մակերեսով հողամաս։

2020-ի օգոստոսին Վանանդ համայնքից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը ձեռք է բերել 7300 քառակուսի մետր մակերեսով հողամաս՝ վճարելով 56 000 դրամ։ 

2021-ի օգոստոսին Թադևոսյանը 4500 քառակուսի մետր մակերեսով հողամաս է ձեռք բերել Վանանդ համայնքից։ Դրա համար նա վճարել էր 37 000 դրամ։

2021-ի սեպտեմբերին ձեռք է բերել 3,3 հեկտար հողամաս քաղաքացի Սլավիկ Ջուլյանից 900 000 դրամով։ Ուշագրավ է, որ Ջուլյանը 2011-ին այս հողամասը ձեռք էր բերել 1,4 միլիոն դրամով։

Սրանք Թադևոսյանին սեփականությամբ պատկանող հողերն են: Բացի դրանից՝ քննիչը ընդհանուր առմամբ ավելի քան 15 հեկտարի հողեր ունի վարձակալած Վանանդում։ Վարձատուն եղել է համայնքապետարանը։ 3 միավոր հողամասերից մեկը 2,65 հեկտար է, երկրորդը՝ 6,24 հեկտար, երրորդը՝ 6,38 հեկտար։ 3 հողամասերի համար վարձակալության ընդհանուր գումարը 155 000 դրամ է։

2022-ի հոկտեմբերին Թադևոսյանը ենթավարձակալել է նաև 6,2 հեկտար մակերեսով հողամաս տարեկան 71 000 դրամով։ 


Արտակ Թադևոսյանին պատկանող ևս 2 գույքի մասին քարտեզում նշումներ կատարված չեն, քանի որ Google Maps համակարգում դրանք հնարավոր չի նույնականացնել

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում վարելահողերը հիմնականում անջրդի են, կա ոռոգման սուր խնդիր։ Արբանյակային լուսանկարներից երևում է, սակայն, որ հողերի մի մասն այնուհանդերձ ոռոգելի է։ Արտակ Թադևոսյանի վարձակալած հողերից մեկը՝ 6,38  հեկտար մակերեսով, հենց ոռոգելի վարելահողերի հատվածում է։ Հողամասը նա վարձակալել է համայնքից  25 տարով, տարեկան ընդամենը  64 500 դրամով։ Համեմատության համար նշենք, որ Վանանդի անջրդի հատվածում ունեցած 6,24 հեկտար հողամասի ենթավարձակալության համար Թադևոսյանը տարեկան վճարում է 63 000 դրամ։ Սա նշանակում է, որ նույնական մակերեսով հողամասերի համար, որոնցից մեկը ոռոգվող հատվածում է, իսկ մյուսը՝ անոռոգելի, Թադևոսյանը գրեթե նույնական վարձավճար է վճարում։ 

Այս դեպքում ևս մենք փորձեցինք բանավոր մեկնաբանություն ստանալ Թադևոսյանից, սակայն նա այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել