armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
«Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը:
- ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում են ԱԽ նիստերում, մասնավորապես 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: Ի՞նչպես կմեկնաբանեք դրանք:
- Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը:
Երեկ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ և արձագանքել Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ`
Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները:
Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները:
ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ:
Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում:
Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես …
Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն …
Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ …
Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ …
Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները …
Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք:
4. Ինչ վերաբերվում է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուզված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար:
Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով․․․
Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ: Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:
comment.count (0)