Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ
00:37 - 30 հունիսի, 2023

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:

Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։

Արտաքին գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել