Նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե ՀՀ-ից, այլ Ադրբեջանից․ Արցախի պետնախարար
10:43 - 06 հուլիսի, 2023

Նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե ՀՀ-ից, այլ Ադրբեջանից․ Արցախի պետնախարար

Դեռեւս 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանը շրջանառության դրեց մի թեզ, համաձայն որի՝ իբր Արցախում հանքեր են շահագործվում, որի հետեւանքով շրջակա միջավայրին վնաս է հասցվում։ ՌԴ խաղաղապահներին ներկայացվեց Կաշենի հանք այցելելու պահանջ, որը փոխանցվեց մեզ։ Հաշվի առնելով հարցի բնապահպանական կողմը՝ մենք հավաստիացրինք, որ նման որեւէ խնդիր չկա, եւ եթե բնապահպանական խնդիր լիներ, այն առաջինը կվնասեր մեզ, մեր ժողովրդին, իսկ մենք նման բան թույլ չենք տա։ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Դրանից հետո 2022թ․ դեկտեմբերի 3-ին ադրբեջանական էկոակտիվիստ ներկայացող մի խումբ անձինք Շուշի քաղաքի մոտակայքում փակեցին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը եւ ՌԴ խաղաղապահներին կրկին ներկայացրին Կաշենի հանք այցելոլու պահանջ։ Խաղաղապահները հարցը ներկայացրին մեզ, քննարկումներից հետո որոշվեց, որ ՌԴ խաղաղապահների եւ արցախյան կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ կարող է կազմակերպվել մեկանգամյա այց Կաշենի հանքավայր, մասնա վորապես պոչամբարի հատված, որը թույլ կտար բոլորին համոզվելու, որ այն որեւէ վտանգ չի ներկայացնում։ Թվում էր, որ դա պետք է բավարար լիներ եւ կարծես ընդհանուր հայտարարի էին եկել, բայց պարզվեց, որ դա բավարար չէ եւ երկարատեւ հետաոտություններ պետք է կատարվեն»,- ասաց նա։

Ներսիսյանը շարունակեց, որ այդ պահանջին հաջորդեց դեկտեմբերի 12-ը, երբ ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը․ «Մեզ համար ինչպես մինչ այդ, այդպես էլ դրանից հետո պարզ էր, որ Ադրբեջանի իրական նպատակը Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը փակելն էր։ Դեկտեմբերի 12-ից սկսվեց Արցախի մեկուսացման էկոարշավը։ Մենք բազմաթիվ փաստեր ենք հավաքագրել ու հիմնավորապես ներկայացրել, որ ճանապարհը փակած անձինք բնապահպանական հարցերի հետ առնչություն չունեն, ճանապարհը փակել են Ադրբեջանի պետական համակարգում աշխատող, պետբյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղաքացիները չեն կարող առանց պետական աջակցության հասնել Շուշի, մինչդեռ Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայացնում էր, որ բնապահպաններ են, մտահոգված են բնապահպանական վիճակով, այդ պատճառով փակել են ճանապարհը»։

Ներսիսյանն ընդգծեց, որ ճանապարհը փակելուց հետո իրենք նորից են վերահաստատել, որ խաղաղապահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կարող են կազմակերպել այց դեպի Կաշենի հանքավայր, բայց դրան զուգահեռ պետք են երաշխիքներ, որ ճանապարհը կբացվի, սակայն այդպես էլ նման երաշխիքներ չեն տրվել․ «Թեեւ այդ իրավիճակի հետ գազամատակարարումը կամ էներգամատակարարումը որեւէ առնչություն չունեին, այդուհանդերձ Ադրբեջանը դադարեցրեց ՀՀ-ից Արցախ գազի ու էլէներգիայի մատակարարումը, երկու դեպքում էլ ընդհատումը տեղի ունեցավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածում, որտեղ արցախյան կողմը հասանելիություն չուներ։ 

Մի քանի անգամ միջազգային հորդորներից հետո Ադրբեջանը վերականգնել էր գազի մատակարարումը, իսկ այն պահից, երբ Հաագայի դատարանը նշեց, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել գազի ու էլ․ էներգիայի մատակարարման դադարցումն Ադրբեջանի գործողությունների հետեւանք լինելը հավաստելու համար, Ադրբեջանը դրանից ոգեւորվեց եւ վերջնականապես զրկեց Արցախին գազից ու ՀՀ-ից ստացվող էլ․ էներգիայից»։

Ներսիսյանի խոսքով այդ ողջ ընթացքում իրենք բոլորին ներկայացնում էին, որ այս ամենն ընդամենը պատրվակ է, Ադրբեջանի իրական նպատակը Արցախի ժողովրդին մեկուսացնելն ու Հայաստանի հետ կապից զրկելն է։ Սակայն շուրջ բոլորը քար լռություն էր։

«Ադրբեջանն անմիջապես առաջ քաշեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին սքաներ սարքի տեղադրման հարցը՝ այս անգամ պատճառաբանելով, որ իբր ՀՀ-ից Արցախ զենք է տեղափոխվում, դա կանխելու համար պետք է սքաներ տեղադրել։ Թեեւ դա նախատեվսած չէր եռակողմ հայտարարությամբ, եւ Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը պետք է գտնվեր բացառապես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ երաշխիքը, որ կողմերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ արգելված որեւէ գործողություն, նույնպես պետք է լինեին ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, իրավիճակը հասավ մի կետի, երբ որպեսզի հավաստի լինեին մեր պնդումները եւ հավաստի ընդունվեին, որ Հայաստանից Արցախ զենք չի բերվում, նաեւ, էսպես ասած, հնարավոր ճանաչվեց ճանապարհը սքաներ սարքով վերահսկելը»,- նշեց Արցախի պետնախարարը՝ հավելելով, որ թվում էր՝ իրավիճակը մոտ է հանգուցալուծման, այլեւս խնդիրներ չկան, սակայն Ադրբեջանը հայտարարեց, որ սքաներ սարքը պետք է գործի ոչ թե խաղաղապահների, այլ ադրբեջանցիների կողմից [․․․]։

Ապա նա շարունակեց․ «Հետո տեղադրվեց անցակետ, սքաներ սարք, սկսվեցին ԿԽՄԿ-ի ու ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող բեռնափոխադրումների ստուգումներ, քաղաքացիական անձանց ստուգումներ, հետո հանեցին սքաներ սարքը։ Բնապահպանական խնդիրների պատրվակով սկսված եւ յուրաքանչյուր տասը օրը մեկ տրանսֆորմացիայի ենթարկվող քաղաքականությունն իրականում իր անհրաժեշտ արդյունքը չէր տալիս․ Արցախի ժողովուրդը չէր կոտրվում, օգնություն չէր մուրում եւ համբերատար հետեւում էր, թե երբ խելքի կգա միջազգային հանրությունը եւ, ի վերջո, աչքերը կբացի եւ կտեսնի այն իրականը, ինչ կատարվում է։ 

Բայց քանի որ դա վտանգավոր էր Ադրբեջանի համար, ծագեց հնարավորինս արագ Արցախի ժողովրդին բանակցային սեղանի շուրջ տեղափոխելու եւ իրենց պայմաններն արագ թելադրելու եւ պարտադրելու կարիք։ [․․․] Իսկը ժամանակն էր զիջումներ պարտադրելու, անմիջապես սկսեցին հանդիպումների հրավերներ, վերաինտեգրման մասին հայտարարություններ, Բաքու այցելելու մասին հրավեր, նախազգուշացումներ, սպառնալիքներ։

Այս ամենին զուգահեռ՝ շփման գծի ողջ երկայնքով անընդհատ ստանում էինք կրակոցներ, գյուղատնտեսական աշխատանքների խափանումներ, դաշտում աշխատող գյուղացիներին թիրախավորելու դեպքեր, ոստիկանության ծառայողների սպանության եւ սպանության փորձի դեպքեր, մեր ժողովրդի կյանքի իրավունքն ապահովող անձանց վիրավորելու եւ սպանության դեպքեր»։

Գուրգեն Ներսիսյանը նշեց՝ սա դեռ վերջը չէր․ «Անհրաժեշտ էր ամբողջական մեկուսացում։ Պետք էր զրկել Արցախի ժողովրդին սննդից, դեղորայքից, բուժում ստանալու հնարավորությունից, կենսագործունեության տարրական պայմաններից։ Այդ նպատակով հունիսի 15-ին դադարեցվեցին նաեւ Հայաստանից Արցախ բերվող հումանիտար բեռնափոխադրումները։ Հիմա էլ նոր թեզ առաջ եկավ՝ ԿԽՄԿ-ն եւ խաղաղապահները կարող են հումանիտար բեռ տանել Արցախ ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից։ Բարեբախտաբար տեւական ժամանակ անց ԿԽՄԿ-ին հաջողվել է վերականգնել հիվանդներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու եւ դեղորայք բերելու իր գործառույթը։ Այս ամենից հետո դեռեւս կան մարդիկ, որոնք կարծում են, որ գոյություն ունի Արցախի ժողովրդի երաշխավորված անվտանգություն, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորված պաշտպանություն»։

«Այս ամենը չտեսնելու տալով՝ առաջին իսկ օրվանից մեր կողմից ներկայացվող, ադրբեջանական գործողությունների մեր կողմից բարձրաձայնվող իրավական նպատակներն ու ծրագրերն անտեսելով ու իրադարձությունների մեր մեկնաբանությունների վրա աչք փակելով՝ միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւեակայելի ոճրին։ Միջազգային հանրությունն անգամ տեր չկանգնեց Հաագայի դատարանի որոշման կատարմանը, մի դատարանի, որի ընդունած որոշումը պետք է ընդունվեր որպես քաղաքակիրթ հավաքական աշխարհի միաձայն ու աներկբա որոշում, որի չկատարումը պետք է կարմիր լույսի պես վառվեր բոլոր երկրներում։

Բայց նույնիսկ այս ամենից հետո դեռեւս ուշ չէ․ խնդրում ենք գոնե հիմա լսել այս իրադարձությունների կիզակետում գտնվող մարդկանց։ Մեզանից ավելի որեւէ մեկը այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում, աջակցեք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը, բայց գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով»,- հայտարարեց պետնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել