Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ, բայց այդ՝ երկխոսությունը որպեսզի կառուցողական բնույթ ունենա, որոշ չափորոշիչների պետք է համապատասխանի։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նա նշեց, որ քննարկումները շարունակվում են․ «Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից՝ նման հանդիպումներ կազմակերպելու մասին։ Ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք։
Ինչպես տեղյակ ենք, այս տարվա փետրվարի 14-ին եւ մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նրանց տեղակայման վայրում, այս հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց նման հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»։
Ապա Ղազարյանը հավելեց, որ դրան հետեւեց ամսի հինգին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի արդյունքում երեք ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել։
«Մենք ասում ենք, որ երկխոսությունը, որ կարողանանք անվանել երկխոսություն, այլ ոչ թե երկխոսության իմիտացիա, պետք է բավարարի հետեւյալ պահանջներին՝ ադրբեջանական կողմից ճանապարհի արգելափակում, դեպի Արցախ առաջին անրաժեշտության պարենի եւ առաջին անվտանգության ապրանքների ներկրման հնարավորության վերականգնում, որ մենք կարողանանք տեսնել, որ ինչ-որ մոտեցում է փոխվել։ Մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է։
Պարբերաբար քննարկումներ գնում են, արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին, որոնք մերժվել են հենց ադրբեջանական կողմից»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ ընդգծեց, որ երբեւէ չեն հրաժարվել բանակցություններից, քննարկումներից, շփումներից․ «Բայց մեր բարձրացրած հարցը հետեւյալն է․ մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ եւ անհրաժեշտ է քննարկել, չի կարելի սպանել քաղաքացիական անձանց եւ ոստիկանության ծառայողներին, ընդհակառակը՝ անհրաժեշտ է քննարկել եւ լուծել խնդիրները։
Եվ երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի, եւ դրա անունը դրվում է բանակցություն, այստեղ է խնդիրը։ Այլապես այսօր Ադրբեջանը մի հայտարարություն կանի, վաղը կխոսի ՊԲ-ի մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարց, հետո կբարձրացնի օրենսդրության հարց, ի վերջո վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում։ Այսինքն՝ ցանկացած հարց Ադրբեջանի կողմից կարող է բերվել օրակարգ եւ քննարկման առարկա դարձվել կամ պարտադրել, որ դառնան քննարկման առարկա։
Հենց սրա մեջ է խնդիրը, արցախյան կողմն ամենեւին չի հրաժարվում շփումներից, խնդիրները քննարկելուց։ Բայց բոլոր միջնորդներին ընդամենը մի պարզ իրողություն է ներկայացվում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելու գործողությունները, սպանելը, եւ դրանից հետո փորձել լուծումներ գտնել։ Սխալ է ներքին լսարանում եւ դրսում այդպիսի թեզ շրջանառել, որ Արցախը հրաժարվում է բանակցություններից»։
Պատասխանելով ՊԲ-ն լուծարելու նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ հակամարտությանը ծանոթ քիչ թե շատ բոլորը գիտեն, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է։
«Բազմիցս հնարավորություն ենք ունեցել դրանում համոզվելու։ Տեսնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ինչպես են թափ առնում, իրատեսական չէ քննարկումը Պաշտպանության բանակի լուծարման մասին։ Արցախի Պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընգծեց նա։
comment.count (0)