«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այդտեղ զրպարտանքի շատ–շատ մեծ չափաբաժին կար։ Նաև հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա հուսադրող հանգամանք` նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունենք, որ մենք գտնվում ենք վերջին փուլում»,–ասաց Սարգսյանը։
Լրագրողները հարցրին` արդյոք վերջին փուլ ասելով` երրորդ նախագահը նկատի ունի՞, որ ներքին գործընթացներ են սպասվում երկրում։
«Իհարկե, սպասվում են գործընթացներ, ո՞նց կարող են գործընթացներ չլինել»,–ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ անիմաստ է համարում լրջորեն պատասխանել մի մարդու մեղադրանքներին, որը հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10–ից ավելի անգամ իրեն խաբել են 44–օրյա պատերազմի ժամանակ։
«Դուք պատկերացնում եք մարդու, որին տասը անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգություն պատճառը դրանում է կայանում»,–ասաց երրորդ նախագահը։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո նրա մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են նրան թույլ տվել գալ իշխանության։
«Էդ ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել։ Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի՞ են հղում անում 2016–2017 թվականի իմ ասածներին։ եթե իրենք իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար։ Ե՞ս եմ ասել` կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ–ն վարչապետ չպետք է ունենա։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում է»,– պատասխանեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ են բերել մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը, և այդ վատագույն բանակցություններով նախկինները Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին»։
comment.count (0)