Վերջին օրերին հայկական մեդիայում, սոցցանցերում և սունկ կայքերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Infocom-ը ներկայացնում է, թե ինչպես է սկսել շրջանառվել այս տեղեկությունը, և արդյոք այն հավաստի՞ է։
Ինչ է ասում հայկական մամուլը
Այսպիսով, հուլիսի 8-ին vnews.am-ը գրել էր․ «Թուրքիայի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դիյարբեքիրսպորտը» վերանվանվել է «Մեսոպոտամիյասպոր»: Բացի անունը, փոխվել է նաև ակումբի տարբերանշանը, որը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի զինանշանը, հաղորդում է Haber7-ը»։
Նյութում տեղադրված էր նաև զինանշանը, որը վերագրվում է «Մեսոպոտամիյասպոր» ակումբին (այս նյութը գրելու պահին լուրը հեռացվել է vnews.am-ի կայքից)։
Հաջորդ օրը թեմային անդրադարձավ նաև armsport.am-ը՝ նշելով․ «Թուրքիայի ուժեղագույն երկրորդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը պատկանում է քրդերին, և նրանք որոշել են ռեբրենդինգ կատարել։ Դեռևս հայտնի չէ՝ սա սեփականատերերի կողմից ժամանակավո՞ր փոփոխություն է, թե՞ լոգոն իսկապես մշտապես այս տեսքը կունենա։ Սակայն նոր լոգոտիպն արդեն պաշտոնապես ներկայացվել է և բազմաթիվ հակասությունների ու զայրույթի պատճառ է դարձել Թուրքիայում»:
Այս տեղեկությունը տարածեցին հայկական ևս մի քանի կայքեր (operativ.am, goal24.am)։
Իսկ oragir.news-ը գրեց․ «Թուրքական Դիյարբեքիրսփոր ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը՝ կապված ինչպես ակումբի անվանափոխության, այնպես էլ նոր տարբերանշանի ընդունման հետ։ Ակումբի նախագահ Սերքան Գենչը հայտնել էր, որ ակումբի անվանափոխության մասին լուրերն ու քննարկումները տարածվել են անկախ իրենց կամքից, և ինչպես նախկինում այնպես էլ հիմա, իրենք հպարտորեն կշարունակեն կրել Դիյարբեքիրսփոր անվանումը»։
Ինչ է ասում թուրքական մամուլը
Ամեն բան սկսվեց հուլիսի 7-ին, երբ թուրքական մամուլը սկսեց չհաստատված տեղեկություններ տարածել այն մասին, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը դառնում է «Մեսոպոտամիյասպոր» և ունենալու է նոր տարբերանշան (amidahaber.com, rudaw.net):
Հաջորդ օրն արդեն թուրքական մամուլն ավելի մանրամասն անդրադարձավ թեմային։ Հուլիսի 8-ին amidahaber.com-ը գրեց. ««Դիարբեքիրսպորը» երեկ հայտարարեց, որ թիմի անունը փոխվել է «Մեսոպոտամյասպոր»։ Հայտնի է դարձել, որ թիմի նոր անվանումը հավանության է արժանացել նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»։
Կայքը նաև նշեց, որ նոր տարբերանշանը նման է Հայաստանի զինանշանին, և երբ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտը հաստատի այն, ֆուտբոլային ակումբը հանդես կգա նոր անունով։ Ըստ amidahaber.com-ի՝ սպասվում է, որ «Դիարբեքիրսպորը» պարզաբանմամբ հանդես կգա։
Թուրքական մեկ այլ կայք՝ aydinlik.com.tr-ը, ավելի շատ մանրամասներ ներկայացրեց։ Կայքը, մասնավորապես, նշեց, որ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտում «Մեսոպոտամյասպոր» անունով ֆուտբոլային ակումբ գրանցելու մասին հայտարարություն է հրապարակվել, իսկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում հայտնվել է նույն անունով ակումբ։
Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում, իսկապես, հայտարարություն կա այն մասին, որ «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտ է եղել։ Իսկ ներկայացված տարբերանշանը նույնն է, ինչ տարածվում է հայկական և թուրքական կայքերում, և շատ նման է Հայաստանի զինանշանին։ Ապրանքանշանը ենթադրաբար դեռ գրանցված չէ, քանի որ գրանցման ամսաթիվն ու կոդը բացակայում են։
«Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977» անունով արտոնագրային ապրանքանշանի գրանցման հայտը
Ինչ վերաբերում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին, ապա այստեղ ևս կարող ենք գտնել «Մեսոպոտամյասպոր ֆուտբոլային ակումբ 1977»-ը։ Այս ակումբը Դիարբեքիր նահանգի սիրողական ակումբների ցանկում է։ Սակայն սա ոչ մի կերպ չի ապացուցում, որ այն հենց փոփոխված անվամբ «Դիարբեքիրսպոր»-ն է։
Վերջին տողում՝ «Մեսոպոտամյասպոր»-ը
Բանն այն է, որ «Դիարբեքիրսպոր»-ը կարելի է գտնել Դիարբեքիր նահանգի պրոֆեսիոնալ և ոչ սիրողական ակումբների ցանկում։
Վերջին տողում՝ «Դիարբեքիրսպոր»-ը
Ըստ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացայի՝ երկու ակումբներն ունեն տարբեր հասցեներ ու ակումբային համարներ («Դիարբեքիրսպոր», «Մեսոպոտամյասպոր»)։ Սակայն երկուսի նախագահն էլ նշված է նույն անձը՝ Ֆերհատ Ինհանլին։ Ֆեդերացիայի կայքի տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, մի փոքր հին է, քանի որ որ այս տարվա հունվարին «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ է դարձել Սերկան Գենչը, իսկ նախկին նախագահ Ինհանլին վերջին տվյալներով ակումբի փոխնախագահն է։
Երկու ակումբներին միավորում է ևս մի բան․ «Մեսոպոտամյասպոր»-ի անվան մեջ նշվում է 1977 թիվը, իսկ «Դիարբեքիրսպոր»-ը, ըստ թուրքական կայքերի, հիմնադրվել է հենց այդ թվականին։
Իհարկե, սա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այն, որ խոսքը միևնույն ակումբի մասին է։ «Դիարբեքիրսպոր» ակումբի ղեկավարությունից ևս պաշտոնապես հերքող կամ հաստատող հայտարարություններ առայժմ չկան։
Ըստ թուրքական spor.haber7.com-ի՝ «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչը սոցցանցերում հայտարարել է, որ տեղեկությունը տարածվել է ակումբից անկախ, ու նշել․ «Մեզ համար մեծ պատիվ է կրել Դիարբեքիր անունը։ ․․․․ Մենք նախկինի պես կշարունակենք հպարտորեն կրել Դիարբեքիրսպորի անունը»։
Սակայն «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերկան Գենչի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում նման հայտարարություններ չկան, իսկ նրա ինստագրամյան էջը հասանելի չէ։ Այլ սոցցանցերում նրա էջերը գտնել մեզ չհաջողվեց, հետևաբար չենք կարող պնդել՝ այս տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։
«Դիարբեքիրսպոր»-ի պաշտոնական կայքը, որը նշված է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում, հասանելի չէ, իսկ ակումբի ոչ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում տեղեկությունը հերքող կամ հաստատող ոչ մի հայտարարություն չկա, հետևաբար չենք կարող հստակ պնդել՝ այս հերքող հայտարարությունը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ։
Այպիսով, թուրքական կայքերում տարածվել էր տեղեկություն, որ «Դիարբեքիրսպոր» ակումբը շուտով կանվանափոխվի՝ դառնալով «Մեսոպոտամյասպոր», իսկ ակումբի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին։ Այնուհետև թուրքական մամուլում տարածվեց նաև ակումբի նախագահ Սերկան Գենչի հայտարարությունը, որն ավելի շատ հերքում, քան հաստատում է տեղեկությունը: Սակայն այս հայտարարության սկզբնաղբյուրը գտնել մեզ չհաջողվեց։
Մյուս կողմից էլ Թուրքիայի արտոնագրության ինստիտուտի կայքում տեսնում ենք, որ «Մեսոպոտամյասպոր» անունով մի ակումբ իր անունն ու տարբերանշանը գրանցելու հայտ է ներկայացրել։ Ներկայացված տարբերանշանն ունի նույն տեսքը, ինչ թուրքական մամուլում տարածվող խնդրահարույց լուսանկարները։ Քանի որ ակումբից հաստատված պաշտոնական մեկնաբանություն չկա, չենք կարող հստակ պնդել՝ տեղեկությունը հավաստի՞ է, թե՞ ոչ։
Գլխավոր լուսանկարը՝ spor.haber7.com-ի
Աննա Սահակյան
Թուրքերենից թարգմանությունները՝ Աննա Պալաքյանի
comment.count (0)