Հադրութում 73-հոգանոց անձնակազմի զոհվելու գործով առաջին դատական նիստը Երեւանում 10 րոպե էլ չտեւեց
21:22 - 10 հուլիսի, 2023

Հադրութում 73-հոգանոց անձնակազմի զոհվելու գործով առաջին դատական նիստը Երեւանում 10 րոպե էլ չտեւեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր կայացավ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելու համար մեղադրվող՝ ԶՈՒ բարձրաստիճան երկու պաշտոնյաների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Թեեւ այն, ըստ էության, տասը րոպեից ավելի չտեւեց։

Այս գործը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Հադրութի Այգեստանի շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքին։ Գործով մեղադրվում են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու բանակի օպերատիվ շտաբի պետ Նվեր Մարտիրոսյանը այն բանի համար, որ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը մանրամասնել էր, որ պատերազմի ժամանակ բանակի հրամանատարական կետից հանձնարարվել է վաշտին զորամասից ուղարկել դիվիզայի ենթակայության տակ, օպերատիվ բաժնի պետն այդ կարգադրության վերաբերյալ նախագիծը կազմել է թերի՝ դրանում չներառելով մի շարք ելակետային տվյալներ։ Դատախազի խոսքով՝ չի ապահովվել պատշաճ փոխգործակցություն զորամասի եւ հրաձգային դիվիզիայի միջեւ, միաժամանակ տվյալ զորամասի հրամանատարն իր հերթին, ունենալով պարտականություն՝ վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը, նույնպես թերի է կատարել իր պարտականությունը։ Եւ այդ գործողությունների հետեւանքով 73 զինծառայող հայտնվել է Այգեստան գյուղում, որտեղ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը, օգտագործվել են հրետանային միջոցներ, վաշտի ամբողջ անձնակազմը զոհվել է։

Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։

Այս գործը սկզբում քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդների միջնորդությամբ քրեական գործի ընդդատությունը փոխվել եւ ուղարկվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ վարույթի մասնակիցների մեծամասնությունը եւ վկաներից շատերը բնակվում են Երեւանում։ Գործը մակագրվել է դատավոր Սամվել Յուզբաշյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել, քանի որ նախկինում աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում եւ զբաղեցրել զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնը, եւ իրեն ոչ միայն հայտնի են դարձել քրգործի վերաբերյալ փաստական տվյալներ, այլ նաեւ ունեցել է դրանց վերաբերյալ դիրքորոշում։ Եւ քանի որ այս հանագամանքը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության վերաբերյալ, վերջինս ինքնաբացարկ է հայտնել, եւ այս գործը վերամակագրվել է Արտուշ Գաբրիելյանին, որի նախագահությամբ էլ սկսվել է գործով նախնական դատալսումների փուլը։ 

Թեեւ դատական նիստի անցկացման համար ի սկզբանե այլ դահլիճ էր նախատեսված, այնուհանդերձ մինչ նիստի սկսվելը՝ մեկ այլ դահլիճ ընտրվեց՝ պատճառաբանությամբ, որ դատավարությանը ներկա են լինելու մեծ թվով անձինք։ Փոքր-ինչ ուշացումով նիստը սկսեց ապակեպատ դահլիճում, իսկ դահլիճն այնպես չէ, թե շատ մարդաշատ էր։ Նիստին ներկա էին մեղադրյալներ Նվեր Մարտիրոսյանը, Գոռ Իշխանյանը, վերջինիս պաշտպաններ Դավիթ Կարապետյանը եւ Երեմ Սարգսյանը, հանրային մեղադրողը, տուժողների իրավահաջորդներից մի քանիսի ներկայացուցիչ Անժելիկա Հակոբյանը։ Նիստերի դահլիճում՝ ապակիներից այս կողմ, զոհված զինծառայողների հարազատներն էին։ 

Այդտեղ էին նաեւ լրագրողները՝ իրականացնելու իրենց մասնագիտական աշխատանքը։ Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի՝ դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում լուսանկարումը [․․․] կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը: Հաշվի առնելով դահլիճի ապակեպատ լինելը՝ մենք նիստից առաջ դիմեցինք դատական կարգադրիչին՝ խնդրելով քարտուղարի միջոցով դատավորին տեղեկացնել ապակիներից այն կողմ նստելու, ինչպես նաեւ լուսանկարելու մեր խնդրանքի մասին, որպեսզի մեր աշխատանքը չխոչընդոտվի տեխնիկական պատճառներով (ապակիների պատճառով մեղադրյալների ձայնը հազիվ էր լսելի), սակայն մեզ հայտնի չէ՝ դատավորին այդ մասին տեղեկացվել է, թե ոչ։  Բացի դրանից՝ նիստի ընթացքում կարգադրիչին դարձյալ խնդրեցինք ներս գնալ եւ քարտուղարին տեղեկացնել, որ նիստին ներկա լրագրողները միջնորդում են լուսանկարելու համար, քարտուղարը լսեց կարգադրիչին, սակայն որեւէ քայլ չձեռնարկեց։ Այդուհանդերձ, միեւնույն է, լրագրողները տեսանելի էին դատավորի համար, եւ նա սեփական նախաձեռնությամբ կարող էր անդրադառնալ այդ հարցին, բայց լրագրողների մասնագիտական աշխատանքն իրականացնելու կարգին այդպես էլ պատշաճ անդրադարձ չի եղել, ինչի հետեւանքով չենք կարողացել ամբողջությամբ իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը՝ այդպես էլ չիմանալով՝ իրավունք ունե՞նք արդյոք լուսանկարելու, թե ոչ, եւ կողմերն ինչ դիրքորոշում ունեն այդ առնչությամբ։

Դատական նիստի մեկնարկին նախագահող Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ սա շատ բարդ եւ ծավալուն՝ 12 հատորից բաղկացած գործ է՝ հիսունից ավելի տուժողների վերաբերյալ, գործում ներգրավված են երեսուն վկաներ, ուստի խնդրեց եւ պահանջեց դատավորության մասնակիցների, մեղադրյալների նկատմամբ ռեպլիկներ չանել ու չխանգարել, որպեսզի նիստերը հետաձգելու, նիստին ներկա անձանց նիստից հեռացնելու կարիք չառաջանա․ 

«Հավաքվել ենք, որ էս գործի լրիվ, օբյեկտիվ քննություն իրականացնենք, վեր հանենք բոլոր հարցերը։ Եթե հիմա պիտի ինչ-որ մեկը խանգարի, մի եկեք դատական նիստի դահլիճ, ես ստիպված կլինեմ․․․առավել եւս կարող է էն աստիճանի հասնել, որ դռնփակ դատական նիստի անցնենք, որը ես չեմ ուզում։ Ես ուզում եմ բոլորիդ հասանելի լինի դատական նիստը, բոլորդ լսեք, հասկանաք ինչ է կատարվում, էս քննությունն իրականացնենք, իսկ դրա համար դուք ինձ պիտի օգնեք, իսկ օգնելու համար որեւէ մեկը որեւէ ձայն իրավուք չունի հանելու դատական նիստի դահլիճում»,- ասաց դատավորը՝ անցնելով մեղադրյալների ինքնությունը պարզելուն։

Զորամասի հրամանատար, մեղադրյալ Գոռ Իշխանյանը ասաց, որ ծնվել է 1971թ․-ին, Արցախի Մարտունի քաղաքում։ Դատավորը Իշխանյանի խոսքից հետո ասաց․ «Լեռնային Ղարաբաղ, Մարտունի քաղաք»։ Իշխանյանն ասաց, որ իր խնամքի տակ են երկու չափահաս երեխաները եւ մայրը, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, նախկինում դատապարտված չի եղել։ Իշխանյանը հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում։ Նա հայտնեց, որ ստացել է մեղադրական եզրակացությունը եւ մնացյալ փաստաթղթերն ու որոշումները՝ ուղարկված դատարանից։

Օպերատիվ շըաբի պետ, մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանը ծնվել է 1976թ․-ին, Արցախի Մարտունի քաղաքում, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի։ Նրա խնամքին են չորս երեխաները, որոնցից երեքն՝ անչափահաս։ Մարտիրոսյանը հաշվառված է Մարտունի քաղաքում, բնակվում է Երեւան քաղաքում։ Նախկինում դատապարտված չի եղել։ Նա հաղորդեց, որ ստացել է մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումներն ու այլ փաստաթղթեր։

Նվեր Մարտիրոսյանը ունի հանրային պաշտպան՝ Արմեն Հայրապետյանը, սակայն վերջինս այսօրվա դատական նիստին չէր ներկայացել։ Դատավորը տեղեկացրեց, որ առավոտյան պաշտպանը հեռախոսազանգով դատական նիստի քարտուղարին հաղորդել է, որ նույն ժամին Վերաքննիչ քրեական դատարանում նախապես նշանակված մեկ այլ դատական գործի է մասնակցում, ուստի չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։ Նա միաժամանակ խնդրել է, որ գործի քննությունը հետաձգվի։

Դատավորը մեղադրյալից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Մարտիրոսյանը, նիստը կարո՞ղ են շարունակել պաշտպանի բացակայության պարագայում, թե՞ հետաձգենք․

- Ես չգիտեմ, չեմ կարա ասեմ,- ասաց մեղադրյալը։

- Բա Դուք պետք ա ասեք, ես ասե՞մ․ ուզում ե՞ք, որ Ձեր պաշտպանը պարտադիր ներկա լինի։

- Դե ճիշտը տենց չի՞։

- Դուք պետք ա ցանկություն հայտնեք, ես չեմ կարող Ձեր փոխարեն ասել,- ասաց դատավորը։

Մարտիրոսյանը մի քանի վայրկյան անց, լսելով նաեւ մյուս մեղադրյալի պաշտպանների կարծիքը, ասաց, որ կարիք կա՝ իր պաշտպանն էլ ներկա լինի նիստին։

Նախագահողը եւս ասաց, որ դատարանը կարծում է՝ քանի որ մյուս մեղադրյալն ունի պաշտպաններ, Մարտիրոսյանը եւս պիտի ունենա իր կողքին պաշտպան, որպեսզի գործի ըստ էության քննությունը սկսելիս նախնական դատալսումների հետ կապված հարցերի վերաբերյալ լսեն նաեւ նրա դիրքորոշումը։ Ուստի դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ ելնելով պաշտպանական իրավունքի խախտում թույլ չտալու նպատակից։

Այս որոշումն, իհարկե, առաջացրեց տուժողների հարազատների վրդովմունքը, հատկապես որ նրանց ձայնն ապակիներից այն կողմ լավ լսելի չէր։ Զոհվածների ծնողները գոռոցներով ու մեղադրյալների հասցեին վիրավորական բառերով արտահայտեցին իրենց հույզերն ու դուրս եկան նիստերի դահլիճից, բայց տեւական ժամանակ չէին հեռանում դատարանի բակից՝ վիրավորված լինելով տեղի ունեցածից․

«Էսքան ծնողի աչքի տեսածը տեսել են ստեղի ծնողները, դուք ոչինչ չեք տեսել, էսօր եկել ասում են․․․ Ո՞ւմ կհանի, ո՞ւմ կհանի (դատարանից,-հեղ․), կտոր-կտոր տղա ենք հավաքել բերել մենք մեր ուժերով, էսօր եկել վրես նայում ա (մեղադրյալ Գոռ Իշխանյանը,- հեղ․) [․․․]»,- դատարանի բակում հուզված խոսում էր ծնողներից մեկը՝ ցույց տալով իր ուսի դաջվածքը՝ զոհված որդու նկարով․ «Չեն փախել մեր տղերքը, հասկացա՞ր, [․․․], իրանք իջել են 25կմ կռիվ տվել մինչեւ հոկտեմբերի 15-ը, ոչ մեկը ոչ զենք ա տարել, ոչ օգնություն ա տարել [․․․]։ Ջալալը (ԳՇ նախկին պետ Ջալալ Հարությունյանը,- հեղ․) հրամանը տվել ա, ո՞ւր ա Ջալալը, Ջալալը պիտի ստեղ վեր ընկած լիներ [․․․]։ Եթե նա լավ գեներալ լիներ, էսօր էդ էրեխքը զոհված չէին լինի։ Համար առաջին մեղավորը, որ հրամանը տվել ա, Ջալալն ա։ Հադրութը ամսի վեցին թուրքը նստած՝ երեխեքին ամսի 11-ին պոստից հանում են, խաբում, ասում են՝ տանում ենք ձեզ պերեսմենկա անենք, տանում, կոխում են Հադրութի ձիվյատի կալցո»,- պատմում էր զոհվածի հայրը։

Նրա կողքին կանգնած մեկ այլ զոհվածի հայր, որի ձայնը դողում էր նախադասությունների արանքում, այսպես նկարագրեց այսօրվա նիստը․ «Էսօր ակվարիումի մեջ ենք, պռոստը ջուր չկա․ ոչ կարում ենք ձեն հանենք, չենք էլ լսում՝ ինչ են խոսում, հո մենք գազան, վայրենի չե՞նք հելնենք, մորթենք, ստեղ կանգնած էր երկու ժամ (նկատի ունի մեղադրյալին), եթե մենք ուզեինք բան ասեինք, ընդհանրապես ներս չէր գա»։

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարում՝ զոհվածների ծնողները, լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել