civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 10-ին Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում կրկին խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու առաջարկության մասին։
«Կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործն առաջ տանելու համար։ Իմ առաջարկության մեջ երբ ես ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, ես որևէ նպատակ չունեի ինչ-որ մեկին վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով մեր վերջին տարիների դառը փորձից։ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, նա չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը։ Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը և դա ճիշտ ժամանակին օգտագործելը էական նշանակություն ունի։ Սխալ խոսքը կարող է բերել պատերազմի, ճիշտ խոսքը՝ նպաստել խաղաղության»,- ասել է նա։
Վարդան Օսկանյանը նկատում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունից հետո Փաշինյանը նույնիսկ չի կարողանում ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ «Այնտեղ նույնպես նա սխալ է խոսել։ Եթե նա ոչ թե ասած լիներ՝ ես ճանաչում եմ, այլ ընդամենը ասած լիներ՝ պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․։ Հավատացեք, այս դեպքում Հայաստանը բանակցային առումով ավելի լավ դիրքերում կլիներ։ Միգուցե նա կստանար այն ինչ ուզում էր, արդեն ստորագրած կլիներ իր երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց նա դա չի կարողանում անել, որովհետև սխալ է խոսել»։
Նախկին արտգործնախարարն առաջարկում է ընդլայնել բանակցությունների օրակարգը և դրանում ներառել նաև խորհրդային շրջանում Արցախի՝ ինքնավար մարզ լինելու հանգամանքը։
«Այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, ընկալելի են միջազգային հանրության, միջնորդների, և հավատացեք՝ նաև մեր հակառակորդի համար։ Որոշակի շեշտադրումների փոփոխություններով մենք հնարավորություն կարող ենք ունենալ բանակցությունները դնել շատ ավելի հայանպաստ հունի մեջ։ Այս հարցը օրակարգ բերելու պարագայում դժվար թե լուրջ դիմադրություն լինի։ Ադրբեջանը համարձակվում է անկլավների հարց դնել, և այդ նույն քարտեզներով, որոնք վկայում են անկլավների մասին, ցույց են տալիս նաև ԼՂԻՄ-ը։ Եթե Փաշինյանը հոգեբանորեն պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նրա համար խնդիր պետք է չլինի բարձրացնելու Արցախի՝ ինքնավար մարզ լինելու հարցը։ Այդքանի իրավունքն էլ չունի՞ արցախցին»,- նշել է Օսկանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
comment.count (0)